Եվրախորհուրդը այլևս սամադսեիդովների ու Ադրբեջանի եվրախորհուրդն է. Նաիրա Զոհրաբյանը` ձախողված բանաձևի մասին
Հունվարի 23-ին ուշ երեկոյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևը չընդունելը մեծ խրախճանք է առաջացրել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության շրջանում: «Բանաձևի քվեարկությունից հետո Ադրբեջանի պատվիրակությունը խրախճանք էր կազմակերպել, դահլիճում և միջանցքներում Սեիդովը տոնում էր», -Ստրասբուրգում աշխատող Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության և ընդդիմադիր հայացքներ ունենալու համար մարդկանց հետապնդելու մասին գերմանացի համազեկուցող Քրիստոֆ Շտրասսերի (Christoph Strasser) զեկույցի հիման վրա բանաձևի ընդունումը Վեհաժողովի պատգամավորների կողմից երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած քվեարկության ժամանակ մերժվել էր: Հայաստանյան պատվիրակության անդամները կողմ էին այս բանաձևին. Ընդհանրապես բանաձևին կողմ են քվեարկել 79, դեմ 125, իսկ ձեռնպահ` 20 պատգամավորներ: Մասնավորապես զեկույցին դեմ արտահայտվողներից էին ռուսական պատվիրակության անդամները, իսկ Հայաստանի պատվիրակության անդամները կողմ էին քվեարկել բանաձևին:
«Այն ինչ տեղի ունեցավ երեկ ԵԽԽՎ-ում կարելի է համարել այս կառույցի արժեքային համակարգի վախճանը: Այս քվեարկությամբ, ըստ էության ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջանը ամենաժողովրդավար երկիրն է, որտեղ քաղաքական հայացքների համար հետապնդումներ չկան, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ բազմակարծության խնդիր չկա: Ես առաջին անգամ պետք է համաձայնեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, որը ամբիոնից բղավեց, որ Եվրոպայի խորհուրդը իր և Ադրբեջանի եվրոպայի խորհուրդն է: Այո, Շտրասսերի զեկույցի տապալումից հետո ես պետք է համաձայնեմ Սեիդովի հետ` այս Եվրախորհուրդը այլևս սամադսեիդովների ու Ադրբեջանի եվրախորհուրդն է», -մեզ հետ զրույցում մեկնաբանելով քվեարկության արդյունքները, ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԵԽ անդամ երկրում քաղաքական հայացքների համար հետապնդումների մասին բանաձևը չընդունելը, ըստ հայաստանյան պատվիրակության անդամի, մեծ ճգնաժամի առաջ է կանգնեցնում միջազգային այդ կառույցին. ԵԽ-ն հավատարիմ չեղավ իր դավանած արժեքներին:
«Սրանից հետո ընդհանրապես պետք է մտածել, թե ինչ անելիքներ ունենք այսպիսի կառույցներում, որտեղ առաջնորդվում են ոչ թե անաչառությամբ, ոչ թե կառույցի հռչակած հիմնարար արժեքներով, այլ` որտեղ գործում է շահը, որտեղ գործում է կաշառքը, որտեղ մի երկիր, օգտագործելով իր նավթադոլարային ռեսուրսները, այլևս կարող է ոչ թե պատգամավորներ գնել, այլ` կառույցներ գնել», -հավելեց հայ պատգամավորը:
Հարցին, թե հնարավո՞ր է բանաձևի մերժումը նաև հայկական պատվիրակության ձախողումը համարել, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ Հայաստանի 8 հոգանոց պատվիրակությունը չի կարող ուղղակիորեն լուծել այն խնդիրները, որոնց առջև կանգնած են միջազգային կառույցները:
«Կոռուպցիան ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլ մնացած բոլոր միջազգային կառույցներում լուրջ խնդիր է ու լուրջ կոռոզիայի է ենթարկում դրանք: Մենք, իհարկե, քննարկելու բան ունենք, և ես կարծում եմ, որ Երևան վերադառնալուց հետո մենք պետք է քննարկենք մեր պատվիրակության հետագա աշխատանքի մարտավարությունը», -հավելեց նա:
Հարակից լուրեր. Ադրբեջանը կշարունակի մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ
«Ներկայացված զեկույցից նավթադոլարի հոտ է փչում». Զոհրաբյանը` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի մասին
Հասմիկ Համբարձումյան, Ստրասբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան