ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ հանդիպումը ամփոփող հայտարարություն են տարածել: ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«2013 թ-ի հուվարի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելին (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները շարունակել են ԱԳ նախարարների հետ քննարկումները խաղաղ բանակցային գործընթացն առաջ տանելուն միտված աշխատանքային առաջարկության շուրջ, որը կողմերին էր ներկայացվել 2012 թ-ի նոյեմբերին: Բացի այդ, մտքեր են փոխանակվել վստահության ամրապնդման հնարավոր միջոցների շուրջ:
Համանախագահներն անդրադարձել են 2011 թ-ի ապրիլի 14-ի և 2012 թ-ի հուլիսի 13-ի իրենց հայտարարություններին և նախարարների հետ քննարկել դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան և այնտեղից քաղաքացիական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ հարցեր:
Արտգործնախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ լինելու կարևորությունը: Արտգործնախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ու բանակցությունները շարունակելու վճռականության հարցում իրենց հավատարմությունը: Նախարարներն ու համանախագահները համաձայնել են խաղաղ գործընթացի հետագա քննարկումներ անցկացնել գալիք շաբաթների ընթացքում», - ասված է հայտարարությունում: