Իրանի նախագահի թեկնածուն սպառնում է ընտրվելու դեպքում Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը միացնել Իրանին
«Եթե ես ընտրվեմ Իրանի նախագահ, ապա Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը առանց մի կաթիլ արյուն թափելու կմիացնեմ Իրանին»: Այդ մասին իրանական «թերիբոն.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահական ընտրությունների թեկնածու, այաթոլլահ Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազին:
Նախագահի թեկնածուն, անդրադառնալով իր ոչ հանրահայտ լինելու հարցադրմանը, մասնավորապես նշել է. «Աշխարհին իմ ոչ հանրահայտ լինելը քաղաքական համակարգի կարևորագույն պարամետրերից է, ինչպես այն ժամանակ, երբ հոգևոր առաջնորդը սկսեց ղեկավարել հեղափոխությունը, աշխարհում այդքան էլ հայտնի չէր»:
Իրանական աղբյուրը նշում է, որ Խարազիի հայտարարությունները ժամանակ առ ժամանակ գրավում են մամուլի ուշադրությունը: Նա վերջերս էլ հայտարարել էր, թե նպատակ ունի գնել «Մանչեսթր» ֆուտբոլային ակումբը և այն անվանել «Խեյբար» (Իրանաիրաքյան պատերազմի ժամանակ իրականացված ռազմական գործողության անուն է):
Նկատենք, Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազիի հայրը՝ այաթոլլահ Սեյյեդ Մոհսեն Խարազին, ԻԻՀ բանիմացների խորհրդի անդամ է, հորեղբայրը՝ Քամալ Խարազին, Մոհամմադ Խաթամիի օրոք եղել է ԻԻՀ ԱԳ նախարարը, իսկ քույրը ամուսնացած է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մասուդ Խամենեիի հետ:
Հավելենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Հավանական թեկնածուներ են համարվում «Պահպանողականների եռակողմ կոալիցիա»-ի անդամներ՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանագետ. Իրանի նախագահական ընտրություններում պայքարը կընթանա պահպանողականների միջև