Փաշինյանը չի մեկնաբանում ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
«Այս պահին այդ մասին որևէ մեկնաբանություն չունեմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ում սկսել են քննարկել Կոնգրեսը մեկ միասնական կուսակցություն ստեղծելու մասին գաղափարը:
Փաշինյանը միաժամանակ, չցանկացավ նշել, թե երբ է պատրաստվում իր տեսակետը ներկայացնել այդ հարցի վերաբերյալ:
Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հարցի առնչությամբ թերթին մասնավորապես, ասել էր. «Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության։ Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը։ Ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին։ Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա։ Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները