Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականները
ԱՄՆ-ն կիսում է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության տեսակետը: Այս մասին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջինս արձանագրել է, որ նախագահական ընտրություններն անցել են խաղաղ, և գործող նախագահ Սերժ Սարգսյանը ձայների 58,64 տոկոսով հաղթել է ընտրություններում:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությանն այն մասին, որ ընտրություններն ընդհանուր առմամբ կազմակերպված էին լավ և բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով` ներառյալ հավաքների և արտահայտման ազատությունը: Մենք գիտենք նաև, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է, որ լրատվամիջոցներն իրականացրել են իրենց օրենսդրական առաքելությունը` ապահովելով հավասարակշռված լուսաբանում բոլոր մրցակիցների համար»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:
Որպես մտահոգություն` նա նշել է հանրային ծառայողների կողմից անկողմնակալության որոշակի բացակայությունը, ինչպես նաև վարչական ռեսուրսի անհարկի կիրառումը:
Նուլանդը նշել է, որ ընտրությունները հիմնականում անցել են հանգիստ և կանոնավոր, սակայն տեղի ունեցած խախտումները լուրջ հետաքննության կարիք ունեն, ինչի մասին նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԸ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրության նախնական արդյունքներով` երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը՝ ստանալով 861 հազար 160 ձայն՝ կամ վավեր ձայների 58,64 տոկոսը: Երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է` 539 հազար 672 ձայնով (36,75%):
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-առաքելության զեկույցի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»: