Առաջընթաց, բարելավում, ազատությունների ընդլայնում: Եվրոպացի դիտորդները հայաստանյան ընտրությունների մասին
«Հայաստանի Հանրապետության փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»,- նման գնահատական է պարունակում Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այսօր հրապարակված զեկույցում ։ Դիտորդների կարծիքով՝ «մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն։ Լրատվամիջոցները կատարել են հավասարակշիռ լուսաբանում տրամադրելու իրենց իրավական պարտավորությունը, և բոլոր մրցակիցները օգտագործել են իրենց տրամադրվող անվճար եթերաժամը»: Միաժամանակ, ըստ զեկույցի, «հանրային կառավարման անաչառության պակասը, վարչական միջոցների չարաշահումը և ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգության առարկա են»։ Զեկույցում նշված է, որ թեև ընտրությունների օրն անցել է հանգիստ և բնականոն, սակայն հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից ընտրական ընթացքի վրա անհարիր միջամտություններ են նկատվել և որոշ լուրջ խախտումներ են դիտարկվել։
«Ընտրական օրենսդրությունը համապարփակ է և ընդհանուր առմամբ նպաստող ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,- նշել են զեկույցի հեղինակներն ու տեղեկացրել, որ բազմաթիվ դեպքերում, Հայաստանի իշխանությունները հայտնել են իրենց մտադրությունը անցկացնել ընտրությունները Միջազգային չափորոշիչների և Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան։ Շարունակելով օրենսդրական կարգավորման թեման՝ եվրոպացի դիտորները նշել են, որ 2012 թ. կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է գտնել ընտրական գործընթացի բարելավման հնարավոր ուղիներ. «Ելնելով դրական ընտրական փորձից, 2012 թ. հոկտեմբերին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկել է առաջիկա ընտրությունների նախաշեմին զերծ մնալ օրենսդրության մեջ սկզբունքային փոփոխություններ կատարելուց»։
Ընտրությունների կազմակերպման առումով դիտորդների գնահատականը դրական է: «Ընտրական հանձնաժողովները պրոֆեսիոնալ կերպով կազմակերպել են ընտրությունները։ ԿԸՀ-ն աշխատել է բաց և թափանցիկ»,- նշել են նրանք ու տեղեկացրել, որ ԿԸՀ կողմից ընտրություններին հետևելու համար հավատարմագրել են 26 հասարակական կազմակերպություններ ներկայացնող 6,034 տեղական դիտորդներ։ ԿԸՀ գործունեության հետ կապված դիտորդների մտահոգությունն այն է, որ այն «բավարար պարզաբանումներ չի ներկայացրել քարոզչության ֆինանսավորման որոշ դրույթների վերաբերյալ»:
Անդրադառնալով ընտրացուցակների խնդրին՝ զեկույցի հեղինակները նշել են. «Իշխանությունների կողմից ձեռնարկված բազմաբնույթ միջոցառումները նպաստել են ընտրական ցուցակների որակի բարելավման գործընթացին։ Թեպետ որոշ թեկնածուներ պնդում էին, որ ընտրական ցուցակները ուռճացված են և մտահոգություն են հայտնել երկրից դուրս գտնվող ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավոր դեպքերի մասին, այնուամենայնիվ նրանք չեն տրամադրել որևէ ապացույց իրենց տեսակետը պաշտպանելու համար մինչև ընտրությունները»։
Թեկնածուների գրանցումն, ըստ զեկույցի, անցել է ներառական կերպով։ «ԿԸՀ-ն գրանցել է բոլոր ութ առաջադրված թեկնածուներին, ովքեր ներկայացրել են փաստաթղթերի ամբողջական փաթեթը և վճարել են ընտրական գրավը»,- արձանագրել են նրանք ու հայտնել, որ թեկնածուներից մեկը հետագայում ինքնաբացարկ է հայտնել։
Դիտորդներն իրենց զեկույցում գնահատել են նաև ՀՀ սահամանադրությամբ նախատեսված որոշ սահմանափակումներ. «Թեկնածուների առաջադրման համար սահմանված 10 տարվա քաղաքացիության և մշտապես բնակության պահանջներն ավելի քան խիստ են։ Բոլոր դատապարտյալներին՝ անկախ գործած հանցագործության ծանրությունից ընտրելու իրավունքից զրկելը հակասում է համընդհանուր ընտրական իրավունքին և այս հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին»։
Անդրադառնալով նախընտրական արշավին՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները նշել են, որ «քարոզարշավը բնութագրվել է հիմնարար ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի դրսևորմամբ, և մրցակիցները կարողացել են անխոչընդոտ իրականացնել իրենց քարոզչությունը»։ Նրանց կարծիքով՝ քարոզարշավն ընդհանուր առմամբ սահմանափակ էր, և տեղի է ունեցել երեք հիմնական քաղաքական կուսակցությունների թեկնածու չառաջադրելու և որոշ կարկառուն գործիչների չառաջադրվելու որոշման պայմաններում։ «Ութ թեկնածուներից միայն գործող նախագահն է առաջադրվել խորհրդարանական կուսակցության կողմից։ Քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկը ստացել է հրազենային վնասվածք և այդ հանցանքի հանգամանքները գտնվում են հետաքննության մեջ։ Բացառությամբ այս միջադեպի, քարոզարշավը խաղաղ է ընթացել»,- նշված է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ գործող նախագահի քարոզարշավը ամենաակտիվն էր և տեսանելին։ «Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև պետական և ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբների գտնվելու մի քանի դեպքերը աղավաղել են պետության և իշխող կուսակցության բաժանումը»,- ասված է զեկույցում և ֆիքսված, որ հակասում է 1990 թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթի 5.4 և 7.7 պարբերությունների մեջ ամրագրված պետության և քաղաքական կուսակցությունների հստակ բաժանման հիմունքներին։
Լրատվական դաշտի վերաբերյալ ևս դիտորդների գնահատականը դրական է: «Լրատվամիջոցներն էական ուշադրություն են դարձրել քաղաքական և ընտրություններին առնչվող տեղեկատվությանը, և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից մշտադիտարկվող լրատվամիջոցները պարբերաբար լուսաբանել են բոլոր թեկնածուներին»,- նշել են նրանք ու արձանագրել, որ ավելի շատ լուսաբանվել են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն կատարել են մրցակիցներին անվճար եթերաժամ և հավասարակշիռ լուսաբանում տրամադրելու իրենց պարտավորությունը, և բոլոր թեկնածուները օգտագործել են իրենց անվճար եթերաժամը»,- ասված է զեկույցում, իսկ որպես մտահոգիչ հանգամանք ներկայացված է այն իրողությունը, որ «քարոզարշավի լուսաբանումը հիմնականում ֆորմալ բնույթ էր կրում և չուներ վերլուծական մեկնաբանություն, և թեկնածուների միջև բանավեճեր չեն կազմակերպվել»։
Զեկույցում նշվում է նաև ընտրական հանձնաժողովները և դատարանները սահմանափակ թվով բողոքներ են ստացել։ «Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է բողոք ներկայացնելու այն անձանց իրավունքը, ում ընտրական իրավունքները վտանգված են՝ էապես սահմանափակելով ընտրական իրավունքների խախտման դեպքում դատական պաշտպանության դիմելու ընտրողների և դիտորդների իրավունքը. «Ընտրական իրավուքների վերաբերյալ դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, ինչ սահմանափակում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը»:
Դիտորդների տեղեկացմամբ՝ իրենց այցելած ընտրական տեղամասերի մեծամասնությունում «ընտրական գործընթացը անցել է հանդարտ և լավ կազմակերպված»: Նրանք ընտրական ընթացքի վրա որոշ ոչ հարիր միջամտություններ են ֆիքսել՝ «ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելը»: «Ընտրողների անձնագրերը կնքելու թանաքը թերի էր, քանի որ այն հեշտությամբ մաքրվում էր ընտրողների անձնագրերից»,- արձանագրել են դիտորդները։
Չնայած որոշ թերությունների և ընթացակարգային խախտումների, «դիտարկված ձայների հաշվարկման մեծ մասը գնահատվել է դրական»։ «Արդյունքների աղյուսակավորումը գնահատվել է դրական բոլոր 41 ԸԸՀ-ներում, բացի մեկից, սակայն դիտորդներին խոչընդոտել են դիտարկել արդյունքների համակարգչային մուտքագրում 12 դեպքերում»,- նշել են նրանք զեկույցի եզրահանգումներում:
Նշենք, որ զեկույցի բնօրինակը ՝ անգլերենով 13 էջից բաղկացած փաստաթուղթ է, որը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կայքում հասնալեի է նաև հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են