Ռուստամյանն ասում է համաձայնություն կա, իսկ Սահակյանը կետերից մեկը աբսուրդ համարում. Խորհրդակցություն ԱԺ-ում
Ազգային ժողովում երեք խմբակցությունների միջև տեղի ունեցող խորհրդակցությունների շրջանակում երեք կետերի շուրջ համաձայնություն կա: Այդ մասին այսօր ԱԺ նախագահի աշխատասենյակում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հ.Յ. Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Քանի դեռ բանակցությունները չեն հասել եզրահանգման, նույն բանակցությունների արդյունավետությունը նկատի ունենալով, ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ», -հայտարարեց Ռուստամյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցության ընթացքում քննարկումը ծավալվում է ԱԺ Ժառանգություն և Դաշնակցություն խմբակցության առաջարկած օրակարգային երեք հարցերի շուրջ. Դրանք են`
1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։
2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։
3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։
«Կան վիճելի հարցեր, որոնք քննարկվում են», -նույն հանդիպումից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ դրանց շուրջ համաձայնություն դեռևս չկա: Լրագրողներից մեկի հարցին՝ եթե փաթեթում ընդգրկված բոլոր առաջարկները չընդունվեն, հնարավո՞ր է, որ արտահերթ նիստը չկայանա, Հակոբյանը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ «եթե»-ի անհրաժեշտություն չի առաջանա, և արտահերթ նիստը տեղի կունենա»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով, իշխանությունն այս պահին քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկը:
Իշխանության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը հանդիպումից մանրամասներ չհրապարակեց և ասաց, որ քննարկումների առարկան ավելի այլ «ռելսերի» վրա է, քան այն առաջարկները, որոնք ներկայացրել է ընդդիմությունը: «Բնականաբար, կոշտ առաջարկներ են, բայց հրապարակվել են ոչ թե առաջարկությունների տեքստերն, այլ ընդամենը որոշ դետալներ»,- հավելեց Սահակյանը:
Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով, իրենք գաղափարի կողմնակից են. նա կարծում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը կկարողանան համաձայնության գալ ոչ թե պաշտոնների բաժանման, այլ որոշակի խնդիրներին համատեղ լուծումներ տալու առումով: Սահակյանն համոզված է, որ ընդդիմությանն այս կամ այն ոլորտների կառավարումը հանձնելն առկա խնդիրը չի լուծում: «Խնդրի լուծումը հնարավոր է քաղաքական պայմանավորվածությունների միջոցով», -հավելեց Սահակյանը:
Օրակարգում գտնվող խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու մասին ընդդիմության պահանջը Սահակյանն աբսուրդ է համարում «Աբսուրդ է նախագահական ընտրությունների առնչությամբ կազմակերպված քննարկման ընթացքում հանդես գալ խորհրդարանի լուծարման առաջարկով: Խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ լինի: Ժառանգությունն» այս անգամ 5 տոկոս կարողացավ հաղթահարել, լուծարելուց հետո ի՞նչ պիտի լինի, իրենք իրենց տունը հո՞ չեն քանդելու»,- ասաց Սահակյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխանությունը ընդդիմությանն ընդառաջ զիջումների կգնա՞, Սահակյանը պատասխանեց. «Մենք զիջելու որևէ բան չունենք: Մենք ընդամենը ցանկանում ենք կայունացնել երկրի իրավիճակը՝ բարեփոխումներ իրականացնելու համար»:
Նոր խորհրդարանական ընտրություններին դեմ է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան