ԱԺ-ում խորհրդակցությունները կշարունակվեն. Համաձայնություն չի կայացել
«Ժառանգություն», Հանրապետական, Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարների և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ հրավիրված շտապ խորհրդակցությունն ավարտվել է առանց արդյունքների:
Խմբակցությունների ներկայացուցիչների միջև ներկայացված օրակարգային 3 հարցերի շուրջ դեռևս համաձայնություն չի կայացել: ԱԺ նախագահի աշխատասենյակից դուրս եկած պատգամավորները լրագրողներին տեղեկացրեցին, որ խորհրդակցությունները դեռ կշարունակվեն` մինչև որևէ համաձայնության գալը:
Նշենք, որ օրակարգային հարցերի թվում է նաև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, ինչին Հանրապետական խմբակցությունը դեմ է տրամադրված: Այդ կապակցությամբ նույնիսկ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Խորհրդարանը լուծարվի որ ինչ լինի»:
Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան խմբակցությանը, ապա ինչպես ասաց Ն. Զոհրաբյանը, իրենք չեն մասնակցում խորհրդակցություններին, սակայն արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ որոշ առաջարկություններ կներկայացնեն: Արտահայտելով անձնական կարծիքը, Զոհրաբյանը նշեց, որ ինքը դեմ է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը: