Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները (Լուսանկարներ)
Բոլորդ արձաններից իջեք, թող մնա պաստառը, երիտասարդներ, քանի որ ոստիկաններն իջնում են, դուք էլ իջեք: Մեր ազգի միասնությունն է այժմ խոսում: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա շարունակեց թվարկել գործող նախագահին ուղղված առաջարկները` նոր նախագահական ընտրություններ, կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարում:
«Առնվազն 5 մարզպետի հեռացում, և այդ պաշտոնում ժողովրդի` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում»,-ասաց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ բոլոր կեղծարարները, այդ թվում մարզպետները, գյուղապետերը պետք է ենթարկվեն քրեական պատասխանտվության:
Նա թվարկեց նաև կառավարության այն ոլորտները, որոնց ղեկավարումը, ըստ Հովհաննիսյանի, պետք է հանձնվի ժողովրդին` ՀՀ Գխավոր դատախազություն, հարկային ու մաքսային ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳ նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն, Վերստուգիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակռուպցիոն պալատ:
«Սույն պայմանագիրն անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում դրույթները անբեկանելի են մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը»,-ասաց Հովհաննիսյանը` ապա նստելով հարթակի աստիճաններին բոլորի ներկայությամբ ստորագրեց փաստաթուղթն ու դրեց այն ծրարի մեջ:
Ստորև կարող եք ծանոթանալ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած փաստաթղթին ամբողջությամբ.
Ա) ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
ԿԱՄ
Բ) ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
1. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այս տարվա ընթացքում: Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում.
2. Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում.
3. Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները.
4. Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության.
5. Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց.
ա/ ՀՀ դատախազություն
բ/ Հարկային և մաքսային պետական ծառայություն
գ/ Ազգային անվտանգության ծառայություն
դ/ Արտգործնախարարություն
ե/ Կրթության և գիտության նախարարություն
զ/ ԱԺ վերահսկիչ պալատ
է/ Արդարադատության խորհուրդ
ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով
Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: