«Ցավոք, մեր հասարակությունը դեռ չի հասել այն մակարդակին, որ չտեսնի սայլակը». Օսկանյանը` հաշմանդամության խնդրի մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեցին հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ում ներկայացրեցին կուսակցության մոտեցումները` միտված նրանց շահերի պաշտպանությանը: Իր խոսքում ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կուսակցության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ առկա դրույթները նրանց հետ քննարկումների արդյունքում են ամրագրվել.
«Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային: Բայց ցանկացած խնդիր, օրենք, նախագիծ պետք է նախևառաջ քննարկվի հաշմանդամություն ունեցող անձանց հետ, որոնք պետք է մատնացույց անեն, թե այս կամ այն խնդիրը ինչպես պետք է լուծվի»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը Հայաստանում արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է բացառապես պատուհանից, ինչը ուղղակի անընդունելի է: Նաև լուրջ ու հրատապ խնդիր է, ըստ Ն.Զոհրաբյանի, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը, տրանսպորտի անհարմարությունը նրանց տեղաշարժի համար, թեքահարթակների բացակայությունը և այլն: Պատգամավորը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ուներ օրենքի նախագիծ, որը ներկայացվել էր կառավարությանը, որ այն փոքր բիզնեսները, որոնցում դրսից աշխատուժ ներգրավված չէ, իսկ դրանց թվում կային, օրինակ, խուլուհամր ընտանիքների բիզնեսը, ազատվի հարկերից:
«Սակայն ինչպես տեսնում ենք, ռեանիմացիայի ենթարկված կառավարությունն այդ նախագիծը, ինչպես և շատ այլ նախագծեր, որոնք միտված էին փոքր ու միջին բիզնեսի բարելավմանը, մերժեց… հիմնավորումները չներկայացնեմ, դրանք ուղղակի անհիմն են ու անհասկանալի»,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Էլինար Վարդանյանն էլ նշեց, որ հաշմանդամների խնդիրների վերաբերյալ խոսել է և շարունակելու է խոսել, ինչը երբևէ պայմանավորված չի եղել նախընտրական քարոզչությամբ.
«Ես հասկանում եմ, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է լինի հասարակության լիարժեք անդամ` մարդը չպետք է խնդիրների հանդիպի արհեստական արգելքների պատճառով, տրանսպորտը չպետք է խոչընդոտ հանդիսանա մի վայրից մյուսը տեղաշարժվելու համար և այլն: Կառավարությունը այս հարցում լրջագույն անելիքներ ունի»,- հայտարարեց նա:
Է.Վարդանյանը նշեց, որ իրեն շատ անհանգստացնում են թեքահարթակները, որոնք վերջին տարիներին կառուցվում են զուտ «գալոչկա» դնելու համար:«Այսինքն` օրենքի պահանջները իբրև թե կատարվում են, բայց երբեմն այնպիսի տեսք ունեն, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է նման թեքահարթակով գահավիժել…»:
«Հաջորդ խնդիրը, որ մենք կարևորում ենք, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրն է: Մենք տարիներ շարունակ լսում ենք արդարացումներ, թե չկա ֆինանսավորում և այլն, սակայն ես գիտեմ մի բան` անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և բոլոր խնդիրները լուծելի են»,- նշեց նա ու հավելեց, որ ԲՀԿ-ի այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը եղել է և կլինի նույնը` ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը և մատչելի միջավայրի ձևավորումը:
Երևանի ավագանու ընտրությանը ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը իր հերթին դիմելով ներկաներին նշեց, որ իր համար տարբերություն չկա և ինքը չի տարանջատում հասարակության սայլակով անդամին փողոցով ինքնուրույն տեղաշարժվողից.
«Դուք բոլորդ Հայաստանի լիարժեք քաղաքացիներ եք… և առկա բոլոր խնդիրներին, որոնք դուք ունեք, ավելանում է նաև դա` ցավոք, մեր հասարակությունը դեռ չի հասել այն մակարդակին, որ չտեսնի սայլակը»,- նշեց Վ.Օսկանյանը: