Հայաստանի նախագահական ընտրությունների մասին զեկույցը կլսվի Ստրասբուրգում
Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում քննարկվելու է փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը: Հիշեցնենք` Հայաստանում ԵԽԽՎ առաքելությունը ղեկավարում էր նորվեգացի պատգամավոր Քերին Ուոլդեսթը (Karin S. WOLDSETH):
Հայաստանյան ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում, բաղկացած է 63 կետից և 7 ենթաբաժնից: Առաջին մասում նկարագրվում է նախընտրական շրջանը, այնուհետև` քվեարկության ընթացքը, իսկ վերջում ներկայացվում է ԵԽԽՎ դիտորդների եզրակացությունը:
Եզրակացություններ բաժնում ԵԽԽՎ դիտորդներն արձանագրել են, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները Հայաստանում լավ էին կազմակերպվել և հատկապես հարգվել էր հիմնարար իրավունքները: «Այս ընտրությունները առավել կատարելագործված էին, քան 2008-ի նախագահական ընտրությունները», -նշված է զեկույցում:
Դիտորդները նաև արձանագրել են, որ Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսներ են գործի դրվել, ինչպես նաև քվեարկության օրը թեկնածուների վստահված անձինք են միջամտել քվեարկության գործընթացին: «Այդ երևույթները հակասում են եվրոպական ստանդարտներին և բացասաբար են ազդում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման վրա: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լուծել այդ լուրջ բացթողումները, ինչն էլ երաշխիք կլինի, որ ապագա ընտրությունների ժամանակ նման երևույթներ չկրկնվեն», -նշված է ԵԽԽՎ զեկույցում:
Դիտորդները նաև նկատել են, որ ընտրողների ընտրության հնարավորությունը խիստ սահմանափակ է եղել, քանի որ գլխավոր կուսակցությունները իրենց թեկնածուներով ներկայացված չեն եղել նախագահական ընտրություններում: «Ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը ձեռք բերելու համար, ակնկալում ենք, որ իշխանությունները կհետաքննեն ընտրությունների ընթացքում արդյունքների կեղծման մասին բոլոր հաղորդումները և մեղավորները ըստ օրենքի կկրեն իրենց պատիժը», -նշվում է զեկույցում:
Եվ վերջապես, ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակությունը ողջունել է արձանագրված առաջընթացը և կոչ արել իշխանություններին Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատելով հարթել բոլոր արձանագրված թերությունները:
ԵԽԽՎ պատվիրակությունն այս նստաշրջանում սկավաթիվ կազմով է ներկայացված: Մասնավորապես չեն մասնակցում Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը. նրանք այս օրերին լծված են Երևանի ավագանու քարոզարշավին:
Առաջընթաց, բարելավում, ազատությունների ընդլայնում: Եվրոպացի դիտորդները հայաստանյան ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները