Հովիկ Աբրահամյանը բարկացավ պատգամավորների վրա
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ԱԺ նիստում` օրինագծերի քվեարկության ժամանակ բարկացավ պատգամավորների վրա և հանձնարարեց այսուհետև բոլոր նիստերին ներկա գտնվել և բարեխղճորեն կատարել օրենսդրական գործունեությունը:
Այնուհետև հանձնարարեց քարտուղարությանը, որպեսզի ԱԺ հաջորդ նիստին գրանցեն նիստերին մասնակցող բոլոր պատգամավորների անունները մեկ առ մեկ և ներկայացնեն լրատվամիջոցներին:
Դրանից հետո Հ. Աբրահամյանը, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց. «Ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին այդ պատգամավորների անունները տարածել սոցիալական համակարգերով, ցանցերով, որպեսզի ընտրողներն իմանան, թե ում են գործուղղել ԱԺ»:
Նշենք, որ ԱԺ նախագահը գործում թերացող պատգամավորներին հիշեցրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը, նկատեց, որ միջանցքներում շրջելու փոխարեն պետք է մասնակցել նիստերին: