Հայաստան է այցելում Ուելսի Արքայազն Չարլզը
Այսօր, մայիսի 28-ից մինչև մայիսի 30-ը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանից հայտնել էին, որ Արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Լոնդոնում նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն է:
Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան` հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:
Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում է ունենալու Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի հետ:
Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:
«Երևան, իմ սերը» «ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:
«Երևան, իմ սերը» նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ: Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին և գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը: Լոնդոնն ունի իր «Հայդ Փարք» զբոսայգին, Երևանն էլ կունենա իր «Հայ Փարքը», որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի: