Ադրբեջանցին` Նաիրա Զոհրաբյանին. Եկեք երկխոսենք
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, երբ սկսվել էր ազատ քննարկումների փուլը, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա լուծման հարցում ԵԽԽՎ դերի մասին:
Նրա խոսքով, վերջին շրջանում ԵԽԽՎ-ն ակտիվորեն ուղիներ է փնտրում`մասնակցության իր ձևաչափը ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ըստ պատգամավորի, ԵԽԽՎ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ վստահության մթնոլորտի ձևավորման հարցում:
«Սակայն, հարգելի գործընկերներ, հարգելի նախագահ, ես ուզում եմ ձեզ տալ շատ պարզ մեկ հարց` ի՞նչ վստահության մթնոլորտի մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախապատրաստվում է ինկվիզիցիոն մի նախագիծ, որը որևէ սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ տեղավորել: Որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ 21-րդ դարում, ԵԽ անդամ երկրի խորհրդարանում կարող են առաջարկել մի նախագիծ, որը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ շփումներ կունենան Հայաստանի որևէ կառույցի հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նշյալ նախագծի հոդված 7-ում ասվում է «Ադրբեջանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր կհամագործակցեն հայաստանյան որևէ կառույցի, կամ գերատեսչության հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության՚: Այս ինկվիզիցիոն շեդևրի 4-րդ հոդվածը լրջագույն սանկցիաներ է նախատեսում նաև օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր, ըստ նախագծի, կհամարձակվեն մտնել, ադրբեջանական բնորոշմամբ, օկուպացված տարածքներ` շրջանցելով Ադրբեջանը»:
Այո, հարգելի գործընկերներ, սա ստրկատիրական բարքերին հեռավոր հղում չէ, այլ իրականություն, փաստ, որը տեղի է ունենում մեր կողքին, ԵԽ անդամ երկրում: Եվ այսքանից հետո խոսել վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին, ինչը, իհարկե, անչափ կարևոր է, խոսել անհանդուրժողականության ու այլատյացության մերժման մասին, կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ադրբեջանական նման ֆաշիզմի պարագայում ուղղակի աբսուրդ է:
Ամեն դեպքում ես իմ շնորհակալությունն եմ հայտնում միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք փորձում են իրենց կառուցողական մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հասկանալով, որ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է առաջին հերթին վստահության մթնոլորտի, մարդու հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները հարգելու ճանապարհով», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանցի պատգամավորից հետո ելույթ ունեցած ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևը հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանում նման օրինագիծ չկա ու տիկին Զոհրաբյանին երկխոսության կոչ արեց: «Եկեք երկխոսենք, երեկք միասին երկխոսություն ծավալենք, եկեք սկսենք խոսել միասին: Նման օրինագիծ Ադրբեջանի խորհրդարանում չկա: Հույս ունեմ, որ այս խորհրդարանում կլսեն իմ խոսքերը», -հայտարարեց Ռզաևը: