Դավիթ Հարությունյանը հորդորում է տհաճություն չապրել ԵԽԽՎ-ում «ծախվածների» հայտարարությունից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում տեղադրված փաստաթղթում, որտեղ Հայաստանը որակվում է որպես «ագրեսոր» պետություն, ստորագրել են ԵԽ անդամ տարբեր երկրների, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Լեհաստանի ու այլ երկրների պատվիրակներ: Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանը «բազմիցս քննադատության է ենթարկվել ռազմական ագրեսիայի համար»:
«Այդ պատգամավորները հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի, համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում», -այս փաստաթղթի վերաբերյալ «Փաստինֆո»-ին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Դ.Հարությունյանի պարզաբանմամբ՝ փաստաթուղթը ստորագրած Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի և Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽԽՎ պատվիրակների կողմից եղել է առաջարկություն, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց և այլն: Սակայն դրան ընթացք չի տրվելու, ինչից հետևում է, որ այն ունենալու է «մաքուր թղթի» կարգավիճակ:
«Տհաճություն պետք չէ ապրել: Եթե կան մարդիկ, որոնք բացարձակապես ծախված են, և հայտարարություն են անում, որը պայմանավորված է իրենց ծախված լինելով, դրան պետք է հանգիստ վերաբերվել»,-վստահեցրեց հայկական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ «այդ ցանկն ուղղակի բացահայտում է, թե ովքեր են իրենց հենարանը»:
Հարցին, թե արդյո՞ք այդ պատվիրակներն ադրբեջանական լոբբիի անդամներ են, Դ.Հարությունյանն ասել է. «Լոբբին ավելի մեծ է. կան մարդիկ, որոնք շատ ավելի ակտիվ են, կան մարդիկ, որոնք վարձատրվող են, և կան մարդիկ, որոնք գործում են ոչ պաշտոնական վարձատրության դիմաց»: