Պռոշյանում երիտասարդ թեկնածուն արդեն խախտումներ է նկատել. Շահարկում են սպանված Հրաչ Մուրադյանի անունը
Հուլիսի 14-ին կայանալիք Պռոշյան համայնքի գյուղապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու Ցոլակ Գրիգորյանն արդեն խախտումներ է նկատում. նախընտրական քարոզարշավը գյուղում սկսվելու է հուլիսի 2-ին, բայց թեկնածուները շրջում են դռնեդուռ ու համոզում ընտրել իրենց:
Ապրիլի 2-ին նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղապետի թափուր պաշտոնի համար պայքարում առաջադրվել էին 5 թեկնածուներ, սակայն հունիսի 25-ին նրանցից մեկը՝ գյուղապետարանի աշխատակից Գալուստ Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնել ու այս պահի դրությամբ ընտրական պայքարը կշարունակեն 4-ը՝ Ցոլակ Գրիգորյանը, գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը, որին պաշտպանում է Հ.Յ. Դաշնակցություն կուսակցությունը, ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը, ով նաև նախորդ ընտրություններում էր պայքարում և Ալեքսան Ալեքսանյանը: Նշենք, որ ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև հուլիսի 4-ը:
30-ամյա Ցոլակ Գրիգորյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է ու քաղաքագետ և նախորդ տարվանից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, իրեն առաջադրված թեկնածուներից ոչ մեկին մրցակից չի համարում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է՝ պատրաստվում է գնալ քաղաքակիրթ ու քաղաքական պայքարի: «Չեմ մրցակցելու ոչ քաղաքական գիտելիքներ, հմտություններ ունեցող մարդկանց հետ: Նաև նրանց գործողություններն են ոչ քաղաքական, ոչ քաղաքակիրթ: Ես ներկայացնում եմ գաղափար, ծրագիր, տեսլական: Առաջարկում եմ ժողովրդին կոնկրետ ծրագիր, որ այս-այս ամենը կարող եմ անել, այս պատկերացումներն ունեմ ու կարող եմ առավելագույնը ծառայել բնակչությանը: Չեմ գնալու դռնեդուռ, ինչպես այսօր արդեն թեկնածուներն անում են: Դռները ծեծում են, ասում են մեզ ընտրեք, կամ տարբեր միջոցներով մարդկանց ստիպում են, որ իրենց ընտրեն», -ներկայացրեց երիտասարդ թեկնածուն:
Պարոն Գրիգորյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավն իրենց գյուղում մինչև ընտրությունների օրը նշանակելն էր սկսվել, և այդ խախտումն արվում անխտիր բոլոր թեկնածուների կողմից: Թեկնածուն ասաց, որ Պռոշյան համայնքի առաջին դաշնակցականի որդին է: Իսկ չի՞ նեղացել արդյոք, որ Դաշնակցությունն իրեն չի պաշտպանում հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ շատ են եղել աջակցության մասին առաջարկներ, նաև՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից, սակայն նախընտրել է միայնակ պայքարը: «Շատ ավելի լայն հնարավորություն ունեմ այս պահին աջակցություն ստանալու տարբեր ուժերից, բայց մերժել եմ, որովհետև նախընտրել եմ հանրությանը ներկայանալ սեփական ուժերով: Հանրությունն է ինձ հետ շփվելու, այլ ոչ թե օգնության եկող լրացուցիչ ազդակները», -հավելեց մեր զրուցակիցը:
Ամենավատն ըստ թեկնածուի, այն է, որ առաջադրված մյուս թեկնածուները համառորեն շահարկում են սպանված Հրաչ Մուրադյանի անունը՝ փորձելով այդպես «դիվիդենտներ շահել»: «Դա բնականաբար ընդունելի չի կարող լինել: Մարդը պետք է սեփական դեմքով հանդես գա, և ինքը որպես թեկնածու պետք է ներկայանա հանրությանը: Փորձելով շահարկել այդ ամենը, կարծում եմ հակառակ ազդեցությունն է ունենալու և նրան չեն հարգելու: Հորդորում եմ նրանց ու կոչ անում որևէ կերպ չշահարկել, ուղղակի ամոթ է ոչ միայն իրենց, այլ նաև համայնքի համար», -հավելեց Ցոլակ Գրիգորյանը:
Նրա կարծիքով, տեսակետները, թե թեժ պայքար է սպասվում Պռոշյանում, այդքան էլ ճիշտ չեն. ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը, որը նախորդ ընտրություններում պարտվել էր, Գրիգորյանի կանխատեսմամբ, «այս անգամ ևս կպարտվի»: «Նա սովոր է պարտվելուն», -պատճառաբանեց Գրիգորյանը:
Նրա խոսքով, իրեն մրցակից չէ նաև Դաշնակցության առաջադրած թեկնածու Վովա Սահակյանը: «Ես մրցակից կհամարեմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ գաղափարական դաշտում կգործեն: Մարդիկ լրացուցիչ ազդակներով փորձում են դիվիդենտներ հավաքել, իսկ նրանք մրցակից չեն կարող լինել: Ես ուրախ կլինեմ, որ բոլորս հավաքվենք և քաղաքակիրթ բանավեճ ծավալվի ու դրա մեջ հաղթի արժանավորը», -ասաց նա:
Պռոշյանի գյուղապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու
Պռոշյան vs Կովալենկո Շահգալդյան. Պռոշյանում առճակատումը շարունակվում է
Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տալիս