ՄԻԵԴ նախագահ. Սաֆարովի գործով ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ, ում հայտնել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում բնակվող եվրոպացիների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա ուրախությամբ փաստել է, որ հանդիպումը տեղի է ունենում ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի խոսքով Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար.
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները իրենց տարբերություններով հանդերձ միավորված են ընդհանուր արժեքներով: Իսկ Եվրոպական դատարանն այդ արժեքների պաշտպանության հենասյունն է»,- մասնավորապես նշել է Հ.Աբրահամյանը` ավելացնելով, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք ամրագրված են Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագրերում: Այս առումով, կարևոր քայլ է համարվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակումը, որը ստորագրության համար բացվեց հունիսի 24-ին, և որին Հայաստանը միացավ առաջինների թվում:
Բացի այս, ԱԺ նախագահը անդրադարձել է նաև Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից նա նշել է, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ միջազգային հանրության խնդիրն է.
«Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից և կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարևոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշել է ԱԺ նախագահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը իր հերթին կարևորել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը և ուրախությամբ նշել, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր է գնահատել հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում և հույս հայտնել, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարևոր է և արդյունավետ նաև փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձել է նաեւ Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով մասնավորապես Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշել է, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի և ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական: