ՀՀ նախագահը՝ վարչապետին. «Ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն»
«Ես տեսա, որ Դուք արդեն հանձնարարել եք բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին՝ հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին: Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք»,- բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ այսօր կայացած քննարկման ժամանակ դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ասել է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
Նախագահ Ս. Սարգսյանը, շարունակելով իր խոսքը, ասել է. «Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են: Գոնե ես այդպես եմ մտածում:
Մենք մեր նախորդ քննարկումներից հետո հետևում ենք կատարվող աշխատանքներին: Կարևորում ենք բոլոր այն քայլերը, որ մեզ պիտի տանեն.
- էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացմանը: Մենք ժամկետներ ենք պայմանավորվել և խնդրում եմ հստակորեն այս ժամկետները պահպանել:
- գնումների հաշվետվությունների ստացմանը, վարմանը և սահմանված կարգով հրապարակմանը: Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո մեկ-երկու կամ երեք օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք:
- գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությանը: Սա չափազանց կարևոր է: Եվ այս երեք միավորները մշտապես, իրոք, պետք է համակարգված աշխատեն և պետք է երևա համակարգողի դերը:
- բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջնը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, երկու-երեք դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը երկու դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը երկու դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:
- Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ»:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախագահի բացման խոսքից հետո վարչապետը ներկայացրել է ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իր տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Նախորդող նորություն՝ Քննարկում նախագահի մոտ. «Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար»
Լուսանկարը՝ president.am կայքից