Հերթական հեղաշրջումը Եգիպտոսում. Նախագահ Մուհամեդ Մուրսին կալանավորված է
Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը տապալել է նախագահ Մուհամեդ Մուրսիին և չեղյալ հայտարարել երկրի Սահմանադրությունը: «Ռոյթեր» գործակալությունը հաղորդել է, որ արդեն նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին գեներալների գործողությունները «զինված ապստամբություն» է որակել: Եգիպտոսում գտնվող լրագրողները հայտնել են, որ հեղաշրջումն սկսել է, երբ մի քանի հարյուր զինվորներ զրահապատ ռազմական տեխնիկայով յուրօրինակ շքերթ են կազմակերպել Կահիրեի կենտրոնում` շրջափակելով նախագահի նստավայրը:
Մուրսիին և նրա աշխատակազմին արգելվել է լքել երկիրը: Ընդդիմության ղեկավար, Մուհամեդ ալ Բարադեյը, ղպտի եկեղեցու ղեկավարի և Ալ Ազար համալսարանի գլխավոր շեյխի հետ, սեղմ ժամկետներում պետք է ճգնաժամից դուրս գալու նախագիծ ներկայացնի: Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ` խոստանալով «կասեցնել սահմանադրության գործողությունը», «վերջ դնել հակամարտությանը» և «ձևավորել տեխնոկրատների կառավարություն»:
Ավելի ուշ, ըստ «Ֆրանս Պրեսսի», հայտնի է դարձել, որ պաշտոնանկ արված նախագահը կալանավորված է և գտնվում է պաշտպանության նախարարության շենքում: Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են նաև «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներին:
Հիշեցնենք նաև, որ 2011-ին Եգիպտոսում կրկին հեղաշրջման ճանապարհով պաշտոնանկ արվեց նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ներկայումս բանտում է: 2012 թ. նախագահական ընտրություններում հաղթեց Մուհամեդ Մուրսին: Հունիսի 30-ից Եգիպտոսում սկսվեցին զանգվածային ցույցեր. նախագահ Մուհամեդ Մուրսիից պահանջում էին հրաժարական տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները