Այց վիլնյուսյան գագաթաժողովից առաջ. ԵՄ հանձնակատարը Երևանում բազմաթիվ հանդիպումներ կունենա
Այսօր, հուլիսի 10-ին Հայաստան կայցելի Եվրոպական Միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնից, Հանձնակատարը Հայաստան կատարած այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, էկոնոմիկայի, ֆինանսների ու կրթության նախարարների հետ, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մինչ այդ, ըստ աղբյուրի, ԵՄ հանձնակատարը եղել է Վրաստանում ու հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ֆյուլեի այցը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովին ընդառաջ է կատարվում և նպատակ ունի քննարկել ԵՄ հարաբերություններն ու համագործակցությունը և վերջնականապես գնահատել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտական փուլը:
«Վիլնյուսի գագաթաժողովը այն վճռական փուլն է, երբ մեր գործընկերները ենթադրվում է, որ պետք է ցուցաբերեն պատասխանատվություն` համագործակցության հետագա խորացման համար, որը հիմնված կլինի մեր ընդհանուր արժեքների վրա և որը կապահովի սերտ համագործակցությանը: Սա նաև հնարավորություն է ընդգծլեու ընդգծելու շարունակական աջակցությունը ԵՄ-ի կողմից Հայաստանին, Վրաստանին ու նրանց քաղաքացիներին», -ըստ աղբյուրի, հայտարարել է Ֆյուլեն: