Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանի թիմը վստահ է, որ սեպտեմբրի 29-ին կայանալիք ընտրությունների արդյունքում հաղթողը հենց Հայրապետյանն է լինելու:
«Վստահ ենք` հաշվի առնելով ընտրողի, ազգաբնակչության ընտրական վերաբերմունքն ու հավատը, որ ինքն իսկապես, ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ է, ազատամարտիկ, խորապես ծանոթ է ժողովրդի հոգսերին: Բնականաբար, հաշվի ենք առնում նաև «Ժառանգություն» կուսակցության դրական վարկանիշը Սյունիքում` մասնավորապես Կապանում»,-այս մասին Panorama.am-ին հայտնեց թեկնածուի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանը:
Թիմում համարում են, որ «Ժառանգության» սատարած թեկնածուի հիմնական մրցակիցը ՀՀԿ-ական թեկնածուն է` Արմեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքն ընդգրկող թիվ 38 ընտրատարծքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու`Սամվել Հայրապետյանը, Արմեն Կարապետյանը և ինքնաառաջադրված, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը:
Հարցին, եթե քվեարկության արդյունքում հաղթողը չլինի Հայրապետյանը, ապա ո՞ւմ են մեղադրելու, իրենց թեկնածո՞ւի թիմին, թե՞ մրցկացի: «Ճիշտն ասած, մենք չենք կարծում, որ չի ընտրվելու: Ես Ձեր այդ հարցին չպատասխանեմ, որովհետև վստեհ ենք, որ հաղթելու է մեր թեկնածուն»,-ասաց Դ. Հակոբյանը:
Քարոզարշավի 27 օրերի ընթացքում Սյունքի 4 քաղաքներում, 50-ից ավելի գյուղական համայնքներում Ս. Հայրապետյանն իր հանդիպումներում ընտրողներին խոստանալու է ընտրվելու դեպքում հանդես գալ մի շարք նախաձեռնություններով` բնապահպանական վճարների մեծ մասնաբաժինը մարզերին վերադարձնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, Սյունիքում Իրան-Հայաստան ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի նախաձեռնում, գոյություն ունեցող և Ռուսաստանին հանձնված Իրան-Հայաստան գազամուղի նոր, շատ ավելի մեծ տրամաչափի և դեպի այլ երկրներ տարածման հնարավորությամբ նոր գազատարի կառուցման նախաձեռնում, Սյունիքում գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ձեռնարկությունների հիմնաներդրումային ծրագրերի խրախուսման քաղաքականություն, ԱԺ-ում պայքար համայնքերի խոշորացման ծրագրի դեմ, ազատամարտիկների ու զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն, պատշաճ քաղաքացիական պաշտպանության ծրագրի ներդրում և այլն:
Թեկնածուն քարոզարշավը սկսել է Կապանից, երեկ ու այսօր կլինի Մեղրիում ու հարակից համայնքներում:
Հիշեցնենք, որ թիվ 38-ում լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ այստեղից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Իսկ դրան նախորդել էր Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը` հունիսի 1-ին որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները