Ալիևի աշխատակազմի ղեկավար. ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանին «նկարել» նախագահական ընտրությունների արդյունքները
«ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք խորհուրդ էին տալիս Ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ընտրողների ձայների 25%-ը, և թողնել 74-75%-ը, իբր, թե ձայների այդպիսի հարաբերակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարության գնահատականը կլիներ հավասարակշռված: Այդ տրամաբանությամբ, եթե մենք հետևեինք այդ խորհրդին, ապա բոլոր մնացած դեպքերում գնահատականը կլիներ բացասական: Արդյունքը հայտնի է: Ինչպես երևում է, դա եղել է ոչ թե ընկերական խորհուրդ, այլ խիստ նախազգուշացում»,- «Haqqin.az» լրատվական կայքի փոխանցմամբ, անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության բացասական գնահատականին, նման սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը:
Վերջինս խստորեն քննադատել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը:
«Պարզվում է, որ մենք պետք է անցկացնեինք ոչ թե թափանցիկ, արդար, այլ կեղծ ընտրություններ: Ընդ որում, մեր գործընկերների ցանկությամբ պետք է նկարեինք տոկոսներ նախագահի կոնկրետ թեկնածուների համար: Մի՞թե դա չի վկայում ադրբեջանցի ընտրողների ազգային զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելու մասին, ովքեր ինքնուրույն, առանց որևէ մեկի միջամտության, որոշում են, թե որ քաղաքական պլատֆորմի օգտին տան իրենց ձայները»,- ընդգծել է Ռ. Մեհթիևը:
Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարը մեղադրել է ԱՄՆ-ին անգամ մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:
«Հարց է առաջանում, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքների հետ կապված այդպիսի և այլ լուրջ խնդիրների առկայության դեպքում ավելի լավ չէ՞ր լինի, որ Ամերիկայի կառավարությունը նախ կարգուկանոն հաստատեր սեփական տանը, և հետո սովորեցներ այլ պետություններին, թե ինչպես նրանք պետք է ապրեն: Համաշխարհային քաղաքականությունը տարբերվում է կանխատեսելիության բարդ աստիճանով: Միշտ հնարավոր է, որ աշխարհի հզորները անսպասելիորեն կանեն այնպիսի բաներ, որոնք կցնցեն մարդկանց: Այդ իսկ պատճառով չպետք է տրվել զգացմունքներին և գայթակղվել նրանց «ընկերությամբ»,- ասել է նա:
Մեհթիևի կարծիքով` որոշ արևմտյան կենտրոնների համար Ադրբեջանին քննադատելը դարձել է ինքնանպատակ:
«Որպես կանոն, ամերիկյան իսթեբլիշմենթը պարբերաբար պրոհայկական դիրք է զբաղեցնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ոչ կառավարական ուղիներով օժանդակություն ցուցաբերում, մարդու իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արգելափակում, գիտակցաբար ապակառուցողական գիծ է տանում ժողովրդավարության աջակցման մասին ակտի 907-րդ ուղղումը չեղյալ համարելու գործում, որը ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը»,- ասել է նա:
Ալիևի աշխատակազմի ղեկավարը իր տեսակետն է արտահայտել նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցի մասին:
«Մեզ մոտ առկա տվյալներով` ընտրությունների վերաբերյալ հաշվետվության նախագիծը, որում չկա որևէ դրական հատված,նախապես պատրաստվել է այդ կառույցի Վարշավյան գրասենյակում: Եվ այստեղ տեղին է ասելը, որ նման հնարքները նպատակ ունեն սրել իրավիճակը և հրահրել ադրբեջանական հասարակության մեջ բացասական գործընթացներ: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ որոշ դիտորդներ նախապես պատրաստ էին ընտրությունների վերաբերյալ բացասական գնահատականին, և մնում է միայն կռահել, թե որն է բացահայտ թշնամական տրամադրությունների իրական նպատակը»,- նշել է նա:
Ռամիզ Մեհթիևը մեղադրել է ԱՄՆ կառավարությանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հովանավորելու համար:
«Այդ ինստիտուտը ամենևին էլ անկախ կազմակերպություն չէ, որպեսզի գործի ինքնուրույն: ԵԱՀԿ-ն գործում է` հայացք գցելով ԱՄՆ-ին: Հիշելով, որ նախկինում ևս այդ կազմակերպությունը, Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ ոչ օբյեկտիվ, կողմնակալ գնահատական տալով, առաջնորդվել է կոնկրետ հրահանգներով, և մենք հեռու էինք նախագահական ընտրություններին նրան հրավիրելու մտքից: Սակայն ադրբեջանական կողմը հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին` հետևելով ԱՄՆ-ի խորհդրին: Եվ փաստորեն պարզվեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հաշվետվությունները երկվորյակ են: Եվ սա այն դեպքն է, երբ առկա է վստահության բացահայտ չարաշահում»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել են, որ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով 84,59% քվեների առավելությամբ Իլհամ Ալիևը վերընտրվել է նախագահի պաշտոնում, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և ուղեկցվել են հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում