Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնող օրինագիծը քաղաքական փաստաթուղթ է. Դավիթ Հարությունյան
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը քաղաքական է, բայց վատ օրինագիծ չէ: Այդ մասին այսօր խորհրդարանում նախագծի և դրան կից ներկայացված փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը:
«Սա ոչ միայն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ օրինագիծ է, այլև զուտ քաղաքական փաստաթուղթ, որն իր էությամբ արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարություն պետք է ունենա երկրում՝ որոշումներ կայացնելու, պատասխանատվության և մի շարք այլ հարցերում», -հավելեց խորհրդարանականը:
Մեծամասնությունը ներկայացնող պատգամավորի խոսքով, յուրաքանչյուր երկիր, որտեղ նման համակարգ է ներդրված, առաջին հերթին քաղաքական մոտեցումներն է հաշվի առել: Նա մատնանշեց Սինգապուրի վարչապետին, որը տարիներ առաջ հայտարարել էր, թե ինքն իրենց երկրում ամենաբարձր վարձատրվող անձն է, տարածաշրջանում ամենաբարձր վարձատրվող վարչապետը, սակայն իր ֆինանսական կարողություններով զիջում է բոլորին, այնուհետև բացատրեց. «Նա ակնարկում էր, որ ուրիշ երկրներում ցածր է աշխատավարձը, բայց կոռուպցիայի մակարդակն էլ է ուրիշ»: Նա, ինչպես երեկ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, հայտարարեց, որ դատավորներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել` բարձրացնելով նրանց աշխատավարձը:
ԱԺ Հանրապետական պատգամավորը դիմելով նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, ասաց, որ հարգում է նախարարին, սակայն օրինագծում «բովանդակային պակաս» կա:
«Լինելով քաղաքական, այս փաստաթուղթն արտացոլում է իշխանության յուրաքանչյուր մարմնի դերակատարումը: Այն, ինչ փաստացի կա, մենք ենք մեղավոր, որ մեր դերակատարումն այդքան նվազ է, ու այդքան բարձր արժևորված չէ այս երկրում, մենք պետք է մտածենք քայլեր, թե ինչպես մեր դերակատարությունը բարձրացնենք՝ ու ոչ թե արհեստական, այլ բնական», -իր ելույթում հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ օրենսդրական փաթեթով ներդրվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Եթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքերով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք ՝ բոլորի համար: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը: Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝ 18, իսկ ԱԺ պատգամավորինը 10 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15: Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը այդ սանդղակում ևս 15 է, ավելի բարձր, քան ասենք ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13.50, ՀՀ Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Նվազագույն գործակիցն, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25:
Նախորդող հրապարակումներ.
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է բարձրացնել դատավորների աշխատավարձը
2014-ին նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին` 55 հազար, 2016-ին 62.5 հազար դրամ. Նոր նախագիծ