Շ.Քոչարյան. «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում տեղ գտած ձևակերպումները հակասում են ԵՄ դիրքորոշմանը
Եվրոպական խորհրդարանը «Արևելյան գործընկերության» վերաբերյալ նախօրեին բանաձև է ընդունել, որը ԵԽ մի քանի պատգամավորների կասկածելի ջանքերի շնորհիվ պարունակում է ձևակերպումներ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ։
News.am գործակալությունը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է, ինչպես կմեկնաբանեք դա:
«Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մադատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգերի և Ֆրանսիայի մոտեցումներին։
Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված ջանքերին վնասելու համար»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում կողմ է քվեարկել«Եվրոպական հարևանության քաղաքականություն, համագործակցության ուժեղացում։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը 2012 թ.-ի զեկույցինե։ Զեկույցի հեղինակներն էին Յացեկ Վոլսկին և Պիեր Անտոիո Պանզերին։ Զեկույցում ներկայացվում է Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում իրականացված գործընթացները, Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունները։ Եվրոպական խորհրդարանի բանաձևում անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ասվում է. «Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Արևելյան գործընկերության անդամ մեկ երկրի կողմից մյուս երկրի տարածքի օկուպացիան խախտում է գործընկերության հիմնարար սկզբունքները և նպատակերը։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ․-ի 822, 853, 874 և 884 բանաձևերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և 2009 թ-ի Լ’Ակվիլայի համատեղ հայտարարության հիման վրա»։