Ռուս հրամանատար. Ռուսական զորքերը կմասնակցեն հայ-ադրբեջանական հնարավոր հակամարտությանը
«Ռուսական ռազմակայանի պատասխանատվության գոտում ռազմա-քաղաքական իրավիճակը անհանգիստ է և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք կապված են հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լարվածության հնարավոր սրման հետ: Ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասությունը վերականգնելու Ադրբեջանի ղեկավարության որոշման ընդունման դեպքում ռազմակայանը կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորություններին համապատասխան»,- «Կռասնայա զվեզդա» ռուսական պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի առաքելությանը, նման աննախադեպ հայտարարություն է արել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին:
Նրա խոսքով, միջկառավարական համաձայնագրերին համապատասխան խաղաղ ժամանակ ռուսական ռազմակայանը կատարում է ռազմավարական զսպման խնդիրներ՝ իրականացնելով հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն և աջակցություն ցուցաբերելով Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ծառայությանը:
Հրամանատար Ռուզինսկին նաև նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը հագեցած է C 300B հակահրթիռային համակարգերով, հրատանային «Սմերչ» համակարգերով, ЗРК БУК-М1-2-ով զինված զենիթա-հրթիռային դիվիզիոնով և МиГ-29 ռազմական ինքնաթիռներով: