Դ.Վոլկով. Աբխազական հատվածի երկաթուղու բացման խնդիրը գարնանը կքննարկվի ավելի առարկայական
«Այս հարցի վերաբերյալ հարկավոր է մանրամասն քննարկում անցկացնել ՌԴ և Բելարուսի խորհրդարանների մակարդակով, այնպես որ այս պահին կտրուկ մեկնաբանություններ անել պետք չէ: Չէի ցանկանա, որ դա ջրբաժան լինի ու սրի իրավիճակը»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Դանիիլ Վոլկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե Հայաստանը չի կարող անդամագրվել Մաքսային միությանը, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հիմնախնդիրը:
Պետդումայի պատգամավորը օրինակ բերեց ՌԴ-Բելառուս որոշ հարաբերություններ, որոնք 15 տարի է ինչ չեն հստակեցվում, բայց դրան լուրջ ուշադրություն չի տրվում: Այնպես որ` այս հարցում էլ, ըստ նրա, հարկ է գործել նույն կերպ:
Նշենք, որ պատգամավորը Երևանում է գտնվում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին մասնակցության շրջանակներում: Դ.Վոլկովի խոսքով, նիստի ընթացքում քննարկման հիմնական թեման է եղել տրանսպորտային խնդիրներին վերաբերող հարցերը, ընդ որում նիստին մասնակցել են նաև երկու երկրների կառավարության ներկայացուցիչները.
«Իհարկե հասկանալի է, որ այս հարցերը լուծում կստանան քաղաքական որոշում ընդունելուց հետո (նկատի ունի երկաթուղու աբխազական հատվածի բացումը ), խոսքը ՌԴ-ՀՀ երկաթուղու վերաշահագործման մասին է, քանի որ տեխնիկական բոլոր հնարավորություններն առկա են և միայն անհրաժեշտ է քաղաքական որոշում»,- տեղեկացրեց նա: Քննարկվել են նաև սակագների նվազեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համատեղ ջանքերով երկաթուղու աշխատանքի բարելավմանը նվիրված որոշ հարցեր:
Հարցին, թե քաղաքական որոշումը լինելուց հետո ի՞նչ ժամկետներում կլուծվի երկաթուղու վերաշահագործման խնդիրը, ռուս պատգամավորն ասաց, որ 2014թ-ի գարնանը հնարավոր է այս հարցին վերադառնալ ավելի առարկայական և լուծում հնչեցնել ավելի հստակ: