Եզդիները վրդովվել են ՀՀԿ-ական պատգամավորի պահվածքից ու զուգարանի թղթով եկել ԱԺ (Լրացված)
Այս պահին Ազգային Ժողովի շենքի դիմաց եզդի համայնքի ներկայացուցիչները՝ հիմնականում երիտասարդները, բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի, ով վիրավորել է նրանց:
Հիշեցնենք, լրագրողներն այսօր Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերում այն երևույթին, որ հայկական հեռուստաալիքով ռուսերեն լեզվով հեռուստահաղորդում է հեռարձակվում:
Խոսքը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդման մասին է: Ի պատասխան լրագրողների այս հարցադրման, Մ.Բադեյանը շատ վրդովվել է և արձագանքել, թե՝ «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ տենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար՝ կզարմանայի, բայց դուք իսկականից տենց ե՞ք մտածում»:
Ձևակերպումը, որ հնչեցրել է պատգամավորը, վիրավորել է եզդիների համայնքին և այս պահին վերջիններիս ներկայացուցիչները իրենց բողոքն արտահայտող նամակն են բերել Ազգային Ժողով:
Իսկ եզդի երիտասարդները, որոնք այստեղ են եկել եզդի երիտասարդների համաժողովից հետո, պատգամավորի համար զուգարանի թուղթ են բերել, որի վրա ավանակ է պատկերված.
«Մենք անմիջապես շտապեցինք գալ այստեղ, համաժողովում էինք, երբ իմացանք իր արտահայտության մասին.... Նա մի ամբողջ ազգի է որակում տվել, որը հարիր չէ պատգամավորին: Այդ իսկ պատճառով Մանվել Բադեյանի համար բերել ենք մեր ձեռքով պատկերված ավանակ ու զուգարանի թուղթ...Այստեղ 65 մետր է, կարծում եմ մինչև տարեվերջ կհերիքի»,- հավելեց երիտասարդը:
Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, թեև մեծ հույսեր չեն էլ կապում այդ հանձնաժողովի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան