Ա.Վարդանյան. Կտանք քաղաքական գնահատականն ու կդիմենք ՍԴ (տեսանյութ)
ԱԺ շենքի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների մոտից վերադառնալով ՀՅԴ խմբակցությունում են հավաքվել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորները աշխատում են համատեղ հայտարարության տեքստի վրա, ինչի մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, առավոտյան տեղի ունեցած քվեարկությունը, որը կազմակերպվեց ձեռքով, հատուկ ընթացակարգ է պահանջում.
«Հաշվիչ հանձնաժողովն ունի 7 անդամ` երկուսը ՀՀԿ-ից, մեկը ՕԵԿ-ից։ Բոլորը տեսան, որ առնվազն հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները չեն մասնակցել գործընթացին, արձանագրություն չի կազմվել: Սա նշանակում է, որ խախտվել է օրենքը և քվեարկությունը չի կարող օրինական համարվել»,-նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Նա նշեց, որ այս ամենից մի շարք հետևություններ են արել, իսկ քաղաքական գնահատականը, որին կտան, կընդգրկվի հայտարարության տեքստի մեջ:
«Ես չեմ բացառում, որ դիմենք նաև Սահմանադրական դատարան»,- նշեց Ա.Վարդանյանը: