Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին Տոկիոյի և Պեկինի միջև առկա լարվածությունը համեմատել է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև առկա լարվածության հետ:
Ճապոնիայի վարչապետի այսօրվա հայտարարությանը արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ը, որի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ճապոնացի առաջնորդների պատմական զուգահեռները անտեղի են և ավելի լավ կլիներ, որպեսզի Ճապոնիան հիշեր, թե ինչ է արել Չինաստանի հետ մինչև պատերազմը և արդի պատմության ընթացքում:
Ճապոնա-չինական հարաբերություններում վերջին լարվածությունը պայմանավորված է Արևելա-չինական ծովում գտնվող Սենկակու վիճելի կղզիների շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որոնց պատկանելիության հայտ են ներկայացրել Պեկինը և Տոկիոն:
Սենկակու կղզիների պատկանելիության շուրջ հակամարտությունը երկու երկրների միջև սկիզբ է առնում դեռևս 1970-ական թթ.-ից:
Ճապոնական կողմը պնդում է, որ վերահսկում է կղզիները 1895թ.-ից, իսկ մինչ այդ կղզիները ոչ ոքի չեն պատկանել:
Չինաստանը հայտարարում է, որ կղզիները մտել են չինական կայսրության կազմի մեջ 600 տարի առաջ:
Երկորդ Համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ և դրանք վերադարձվել են Ճապոնիային 1972թ.-ին: Տարածքային վեճը հատկապես սրվեց 2012թ.-ի կեսերին, երբ Ճապոնիան հայտարարեց կղզիների ազգայնացման մասին:
Ճապոնիայի կառավարությունը այդ ժամանակ հայատարարել էր, որ 26 մլրդ իենով(26 միլիոն դոլար) կգնի կղզիները դրանց մասնավոր սեփականատերերից՝Կուրիհարա ընտանիքից:
Հատկանշական է, որ կղզիները շատ փոքր են և տնտեսական շահագործման համար ոչ պիտանի, սակայն դրանք հնարավորություն են տալիս մեծացնել տարածքային ջրերի և բացառիկ տնտեսական գոտու տարածքը:
Տոկիոյի կղզիները ազգայնացնելու մասին հայտարարությանը հաջորդեց չինական կողմի պատասխանը՝չինական ռազմածովային ուժերի 3 նավ ուղղություն վերցրեցին դեպի կղզիները, ինչը հերթական անգամ հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների վատթարացմանը և Ճապոնիայի ԱԳՆ-ի բողոքի նոտայի հրապարակմանը:
Երկկողմ հարաբերությունների սրմանը նպաստեց նաև Չինաստանի կողմից իր ՀՕՊ-ի՝ հակաօդային պաշտպանության գոտու մեծացման և Սենկակու կղզիների վրա տարածման որոշումը, ինչը նշանակում է, որ Սենկակույի օդային տարածք մտնող ցանկացած օդանավ պետք է նախազգուշացնի չինական կողմին և ստանա նրանց թույլտվությունը: Չինական ՀՕՊ-ի Սենկակու կղզիների վրա տարածման որոշումը հանգեցրեց պաշտոնական Տոկիոյի կոշտ արձագանքին: Այդ երկրի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդէրան հայտարարել էր, որ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը չեն պատրաստվում տեղեկացնել չինական կողմին իրենց ինքնաթիռների թռիչքների և դրանց ուղղությունների մասին:
Արտյոմ Բալասանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները