Գերմանիայի կանցլերը պահանջում է Ռուսաստանից հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ռուսաստանից հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Այն, ինչ կատարվում է Ղրիմում, անհանգստացնում է մեզ», - հայտարարել է Մերկելը այսօր Բեռլինում: Նա հաղորդել է, որ այժմ ինքը հեռախոսային կապի մեջ է Կիևի իշխանությունների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահի հետ:
ԳԴՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին կոչ է արել Ռուսաստանին անհապաղ կերպով հստակեցնել իր նպատակները Ղրիմում:
«Նա, ով շարունակում է յուղ լցնել կրակի վրա` լինի դա խոսքերով թե գործով, գիտակցաբար նպաստում է ճգնաժամի էսկալացիային», - զգուշացրել է արտգործնախարարը:
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «Այն ամենն, ինչ Ռուսաստանն անում է Ղրիմում, պետք է ամբողջությամբ համապատասխանի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, այդ թվում նաև ռուսական Սևծովյան նավատորմի կարգավիճակի վերաբերյալ համաձայնության հետ կապված»:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ միայն պետք է անհապաղ կերպով ապահովի Ղրիմ զորք տեղափոխելու թափանցիկությունը, այլ նաև հստակեցնի իր նպատակները:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ Գերմանիան սերտորեն համագործակցում է իր գործընկեր երկրների հետ: «Իմ կարծիքով` անհրաժեշտ է, որ մենք` եվրոպացիներս, արագ հավաքվենք, որպեսզի մշակենք Եվրամիության միասնական դիրքորոշումը», - DW-ի փոխանցմամբ` նշել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդին` Ուկրաինայի տարածքում զորքերը օգտագործելու մասով որոշում կայացնելու համար` մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի կայունանալը:
Մինչ այդ լուրեր են տարածվել, որ Ռուսաստանը հավելյալ զորք է մտցրել Ղրիմ, և դրանք բերված են բարձր պատրաստվածության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները