Թայվանի խնդիր ունեցող Չինաստանը զգուշանում է Ղրիմի հանրաքվեից
Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը պետք է գործեն հանգիստ և զուսպ, որպեսզի խուսափեն լարվածության աճից:
Մինչ այդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին էր անդրադարձել Չինաստանի արտգործնախարար Վան Ին: Նա հայտարարել էր, որ Պեկինը կոչ է անում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել քաղաքական ճանապարհով: «Չինաստանը պատրաստվում է կառուցողական դերակատարում ունենալ ուկրաինական խնդրի քաղաքական լուծման գործում»,-նշել էր Չինաստանի արտգործնախարարը:
Չինաստանը մինչև ուկրաինական ճգնաժամի ծագումը բավականին ակտիվ առևտրա-տնտեսական և ռազմա-քաղաքական հարաբերություններ էր զարգացնում Ուկրաինայի հետ: Պեկինը Ուկրաինայում ուներ իր հստակ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:
2013թ.-ին դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով գտնվելով Պեկինում չինական կողմի հետ ստորագրել է 20-ից ավել համաձայնագրեր: Վ. Յանուկովիչը նշել էր, որ իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերը թույլ կտան Ուկրաինային ներգրավել 8 միլիարդ դոլարի հասնող չինական ներդրումներ:
Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ.-ին երկրի ամենախոշոր առևտրային գործընկերներ են Ռուսաստանը՝38.2 միլիարդ դոլար, Չինաստանը՝10.6 միլիարդ դոլար և Գերմանիան՝8.4 միլիարդ դոլար: Ուկրաինան Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռում ունի 6 միլիարդ դոլարի հասնող բացասական սալդո, այսինքն, Կիևը ավելի շատ ապրանքներ է գնում Չինաստանից, քանս թե վաճառում:
Յանուկովիչի դեկտեմբերյան այցի ընթացքում Պեկինում կայացել է նաև ուկրաինա-չինական բիզնես ֆորում, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել Ղրիմում չինական կողմի ֆինանսավորմամբ նավահանգստի շինարարության շուրջ:
Նոր նավահանգիստը ունենալու է 25 մետր խորություն և գտնվելու է Սաքիի շրջանի Ֆրունզե գյուղի մոտ: Շինարարության առաջին փուլում Պեկինը ներդնելու է 3 միլիարդ դոլար և ծրագիրը իրականացվելու է 4-5 տարի: Ղրիմի նոր նավահանգստում կառուցվելու է նաև հացահատիկային տերմինալ՝տարեկան 10 միլիոն տոննա հզորությամբ:
Նախօրեին Ուկրաինայում Չինաստանի դեսպան Չժան Սիյունը այդ երկրի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Չինաստանը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Պեկինի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու դիրքորոշումը առաջին հերթին բացատրվում է Չինաստանի ներքին խնդիրներով:
Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բոննի Գլեյզերի կարծիքով, չինացիները հայտնվել են բավականին բարդ իրավիճակում ուկրաինական ճգնաժամի պատճառով: Նրա խոսքերով, չինացիները չեն կարող հավանության արժանացնել ՌԴ-ի գործողությունները Ուկրաինայում, սակայն մյուս կողմից, չեն ցանկանում բացահայտ հայտարարել այդ մասին՝Մոսկվայի հետ խնդիրներ չունենալու համար:
Գլեյզերը նշել է, որ Չինաստանի համար կարևոր է երկրների ներքին գործերին չմիջամտելու և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, քանի որ չինացիները խնդիրներ ունեն Տիբեթում, Թայվանում և Սինձյանում:
Իր հերթին, Չինաստանի ժողովրդական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ցզին Ցանժունը նշել է, որ երբ խոսք է գնում հանրաքվեների մասին, Չինաստանը առաջին հերթին մտածում է Թայվանի խնդրի մասին:
Նրա խոսքերով, Թայվանի խնդրի պատճառով Պեկինը անհանգստանում է պետությունների մասնատման փորձերից և անկախության հանրաքվեներից, քանի որ զուգահեռներ են առաջանում թայվանցիների ինքնորոշման հետ:
Հեղինակ` Արտյոմ Բալասանով
Շարքի այլ հրապարակումներ`
Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ
Պաշտոնական Պեկինը իր վրդովմունքն է հայտնել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման կապակցությամբ
Պեկինը ամրապնդվում է նաև Հարավային Կովկասում
Իսլամական անջատողականությունը սպառնում է Չինաստանի միասնականությանը
65 տարի ընդմիջումից հետո կկայանա Չինաստանի և Թայվանի պաշտոնյաների պատմական հանդիպումը
Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը
ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք
Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան