Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը երկրում կոռուպցիայի լուսաբանման համար արժանացել է «Freedom of Expression Awards» մրցանակի
«Ադրբեջանի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկը` «Ազադլիգ» թերթը, խոսքի ազատության համար արժանացել է Freedom of Expression Awards 2014 մրցանակի»: Այս մասին ասվում է «Index of Censorship» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքում: Մրցանակը հանձնվել է Լոնդոնում:
«Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ֆինանսական ճնշումներին, «Ազադլիգ» թերթը շարունակում է լուսաբանել երկրում տիրող կոռուպցիան»,- ասվում է նյութում:
«Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Ռահիմ Հաջիևը շնորհակալություն է հայտնել մրցանակի, ինչպես նաև խմբագրությանը դժվար պահերին աջակցություն ցուցաբերելու համար: Ըստ նրա`թերթի նույնիսկ փոքր տպաքանակը ստիպում է Ադրբեջանի իշխանություններին անհանգստանալ և քայլեր ձեռնարկել այն փակելու համար:
Նշենք, որ անցած տարվա նոյեմբերին «Ազադլիգ» թերթը լուրջ խնդիրների առաջ էր կանգնել: «Ադրբեջան» պետական հրատարակչությունը պարտքերի պատճառով նոյեմբերի 13-ից անորոշ ժամանակով կասեցրել էր «Ազադլիգ» թերթի տպագրությունը:
Նոյեմբերի 8-ին թերթի խմբագրությունը «Ադրբեջան» պետական հրատարակչությունից զգուշացում էր ստացել, որ այն մինչև նոյեմբերի 12-ը պետք է վճարի 21,410 մանաթ ($ 26.7 հազար) կազմող պարտքը տպագրության համար, ինչպես նաև 2688 մանաթ (մոտ $3.3 հազար ) վարձավճարի և կոմունալ ծառայությունների համար: Բացի այդ խմբագրությունը զրպարտության մեղադրանքներով արդեն տուգանվել էր 83.2 հազարի դոլարի չափով: Դատարանը «Ազադլիգին» մեղավոր էր ճանաչել «Բինա» առևտրի կենտրոնի սեփականատեր Քյաբիրա Մամեդովայի և Բաքվի մետրոպոլիտենի ղեկավար Թագի Ահմեդովի բիզնես-համբավը վարկաբեկելու մեջ այն բանից հետո, երբ թերթը նրանց գործունեության մասին քննադատական հոդվածներ է տպագրել: Նվիրատվությունների շնորհիվ խմբագրությանը հաջողվել է վճարել տուգանքի մի մասը:
Հիշեցնենք նաև, որ Կանանց միջազգային օրվա առթիվ «Index on Censorship» իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային դասել է այն ութ կանանց շարքին, ովքեր անցած տարվա ընթացքում պայքարել են խոսքի ազատության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին