Նելի Կրուսը քննադատել է Թուրքիայում Twitter-ի արգելափակումը, այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»
Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հայտարարությամբ չբացառեց Twitter-ի ծառայությունների արգելափակման հնարավորությունը, ընդամենը մի քանի ժամ անց դա տեղի ունեցավ ու առաջացրեց օգտատերերի զայրույթը: Այս մասին տեղեկացնում է «Todays Zaman» պարբերականը:
Եվրոպական հանձնաժողովի էլեկտրոնային հարցերով փոխնախագահ Նելի Կրուսը (Neelie Kroes) քննադատել է Twitter-ի արգելափակումն այն համարելով՝ «անհիմն, անիմաստ, փոքրոգի քայլ»:
«Թուրք ժողովուրդը և միջազգային հանրությունն այն կհամարի գրաքննություն: Եվ դա այդպես է», - նշել է նա:
Թերթը գրում է, թե այս քայլը շատերին է ստիպում աղաղակել Թուրքիա-Իրան-Հյուսիսային Կորեա համեմատության մասին, որտեղ սոցիալական ԶԼՄ-ների հարթակը խստորեն վերահսկվում է:
«Նաև թուրք բնակչության մեջ կոչեր են հնչում փողոց դուրս գալ՝ բողոքի ակցիաներ անցկացնել, չնայած շատ օգտատերեր էլ կոչ են անում հանգստություն պահպանել: Երկու շաբաթ առաջ էլ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր Facebook և YouTube-ը արգելափակելու մասին, որն ըստ նրա, օգտագործում են իր թշնամիները տարբեր ձայնագրություններ տեղադրելով:
«ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին ավելի վաղ հայտարարել էր. «Մենք շատ մտահոգված ենք, որ Թուրքիայում սոցիալական լրատվամիջոցները կայքեր կարող են փակվել: Ժողովրդավարությունը ամրապնդվում է հասարակության տարբեր ձայների շնորհիվ: Անկախ լրատվամիջոցները կարևոր տարր են ժողովրդավարական, բաց հասարակության համար»,-նշված է «Todays Zaman»-ում:
Ինտերնետի սահմանափակումները կարող են առնչվել հենց Էրդողանի անվանը կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ, հատկապես նրա ու որդու հեռախոսազրույցից հետո նոր սկանդալ առաջացրեց: Այդ զրույցում նրանք զրուցում էին տանից խոշոր գումար դուրս հանելու շուրջ:
Հիշեցնենք, որ Էրդողանը ավելի վաղ հանրահավաքի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ, որ սոցիալական ցանցերը Թուրքիայում, այդ թվում և Twitter-ը արգելափակվելու են: Երկրի վարչապետը հղում էր արել դատարանի որոշմանը, որը թույլ է տալիս դիմել նման քայլերի և ընդգծել, որ իր կառավարությանը չի հուզում միջազգային հանրության արձագանքը: