Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
«Հայաստանը, ցավոք սրտի, կորցնում է իր ինքնիշխանությունը: Իրավական առումով ամբողջությամբ չի կորցրել, ինչը հույս է տալիս, որ կարող ենք ետ շրջել այն, ինչը փաստացի կորցրել ենք: Խայտառակ քվեարկությունը, որ տեղի ունեցավ երեկ, ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի արտաքին շահերի սպասարկուները չեն»,- Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած նախահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ նախապես հայտարարվել էր, որ ձեռնպահ են քվեարկելու ՄԱԿ-ում Ղրիմի հանրաքվեի հարցին, փորձելու են չեզոքություն պահել. «Բայց հրահանգը եկավ, իրենք քվեարկեցին համաձայն հրահանգի: Այն իշխանությունը, որն իր կլանային, խմաբակային շահն է փորձում սպասարկել, պատրաստ է իր իշխանությունը երկարաձգելու համար Հայաստանի պետական շահի վերջին փշրանքները վատնել, տեղ չունի Հայաստանում: Պետք է օր առաջ հրաժարական տա ու հեռանա»:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի զգուշացումը, որ հերթական դե ֆակտո իշխանությունները շատ ծանր են նստելու ՀՀ քաղաքացիների վրա:
«Սրանք դեռ ծաղիկներն են: Ցավոք սրտի, Թուրքիայի դերը ավելի կարևորվեց տարածաշրջանում: Եթե այսպես շարունակվի, Վրաստանի հետ տարբեր ճամբարներում ենք հայտնվելու: Երեկվա քվեարկությունից հետո Հայաստանը 11 «իզգոյ» երկրների շարքում է, չկա մեկ երկիրը, որը փոքր ինչ ժողովրդավար է, փոքր ինչ տնտեսական հզորություն ունի»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի բնորոշմամբ, Հայաստանն այսօր ռուս ժողովրդի դեմոկրտական ներկայացուցիչներից ավելի է պաշտպանում կայսերապաշտական Ռուսաստանի շահերը:
«Հիմա մենք փորձում ենք աշխարհի առաջադեմ հանրության դեմ հանդես գալ: Մենք այդ խաչը կրելու ենք միասին, անկախ նրանից, որ իշխանությունն է ստեղծել սա: Միասնական ուժերով օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը, Հայաստանում պիտի լեգիտիմ իշխանություն ձևավորվի, որը վստահության քվե կունենա, կկարողանա ՀՀ շահը պաշտպանել: Կարճաժամկետ պայքարի պատրաստակամությունը պիտի փոխենք երկարաժամկետ պայքարի հաստատակամությամբ: Եվ, ուրեմն հաղթանակ մեզ»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
Նախորդիվ`
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի