Սի Ձինպինի պատմական այցը Եվրոպա նոր էջ է բացում Չինաստան-ԵՄ ռազմավարական հարաբերություններում
Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը Բրյուսել կատարած այցի ընթացքում Չինաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցի, Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ:
Չինաստանի առաջնորդի և եվրոպական պաշտոնյաների հանդիպումը անցել է փակ դռների հետևում: Կողմերը պայմանավորվել են հանդես չգալ համատեղ մամուլի ասուլիսով, իսկ արդյունքների մասին հայտնել գրավոր հաղորդագրության միջոցով:
ԵՄ-Չինաստան գագաթաժողովի և բարձրագույն մակարդակով կայացած հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ը և Չինաստանը աշխատելու են երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, այդ թվում տնտեսական ոլորտում:
Մարտին Շուլցը, անդրադառնալով Սի Ձինպինի Բրյուսել կատարած պատմական այցին, հայտարարել է, որ ԵՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության մեջ առկա է դեռևս չբացահայտված մեծ պոտենցիալ: http://www.rosbalt.ru/main/2014/04/01/1250945.html
Սի Ձինպինը Չինաստանի առաջին առաջնորդն է, ով այցելում է ԵՄ-ի կառույցներ: Չինաստանի առաջնորդի համար Բրյուսելը ԵՄ-ում իր 3-օրյա շրջագայության վերջին հանգրվանն էր:
Չինաստանը ընդլայնում է իր տնտեսա-քաղաքական ներկայությունը Եվրոպայում
Չինաստանի ղեկավարը եվրոպական իր եռօրյա շրջագայության շրջանակներում այցելել է նաև ԵՄ-ում կարևորագույն դերակատարում ունեցող երկրներ՝ Գերմանիա և Ֆրանսիա, որոնց հետ Պեկինը ունի բազմամիլիարդանոց ապրանքաշրջանառություն:
Գերմանիա պետական այցի շրջանակներում Սի Ձինպինը և կանցլեր Անգելա Մերկելը պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները նոր ուղղություններում, այդ թվում թվային տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի, ինչպես նաև ավելացնել ներդրումների ծավալը:
Մերկելը և Սի Ձինպինը պայմանավորվել են ակտիվացնել միջազգային համագործակցությունը Մեծ Քսանյակի շրջանակներում:
Կողմերը պայմանավորվեցին, որ Դյուսելդորֆ քաղաքում բացվելու է Չինաստանի թվով 4-րդ հյուպատոսությունը Գերմանիայում: Կանցլեր Մերկելն էլ հանդես է եկել առաջարկությամբ՝ 2015թ.-ը Գերմանիայի և Չինաստանի միջև նորարությունների ոլորտում համագործակցության տարի հռչակելու կապակցությամբ:
Բացի քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը, Բեռլինը և Պեկինը մի շարք համաձայնագրեր են ստորագրել նաև տնտեսական ոլորտում: Սիմենս ընկերությունը պայմանագիր է ստորագրել չինական Huaneng Power International և Shanghai Electric ընկերությունների հետ գազային տուրբինների արտադրության և էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Բեռլինից հետո, Չինաստանի առաջնորդը ուղևորվել է Ֆրանսիա և հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ: Չին-ֆրանսիական հարաբերությունների խորացման առումով այդ այցը պատմական է համարվում: Փարիզում Սի Ձինպինի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Չինաստանի միջև այցի արդյունքներով ստորագրվել է 50 համաձայանգիր՝ 18 միլիարդ եվրո արժողությամբ: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ համաձայնագրերը թույլ կտան բացել հազարավոր նոր աշխատատեղեր: Տնտեսական առումով հատկապես կարևոր էր 70 Airbus ինքնաթիռների Չինաստան առաքման մասին համաձայնագրի ստորագրումը, որի արժեքը կազմել է 7 միլիարդ եվրո:
ԵՄ-ում շրջագայության վերջին օրը Չինաստանի առաջնորդը այցելել է Բելգիա և Բրյուսելում հանդիպել թագավորության պետական բարձր այրերի հետ: Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ հանիպմանը Սի Ձինպինը նշել է, որ իր այցը կնպաստի Չինաստանի և Բելգիայի, Չինաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Նրա խոսքերով, Բելգիայում է գտվում ԵՄ-ի մայրաքաղաքը՝դա Եվրոպայի սիրտն է, իսկ Բելգիան Չինաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության կարևորագույն գործընկերներից է:
Նախորդ տարվա տվյալների համաձայն, Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 4.16 տրիլիոն դոլարի: Չինաստանի գլխավոր առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ը և ԵՄ-ը: Նախորդ տարվա ընթացքում Չինաստանի և ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը ավելացել է 2.1%-ով և հասել է ավելի քան 559 միլիարդ դոլարի: Չինաստանի արտահանումը դեպի ԵՄ-ը և ԱՄՆ-ը գերազանցում է ներկրումը: 2013թ.-ին ԵՄ-ը Չինաստանից գնել է 339 միլիարդ դոլարի ապրանք, իսկ վաճառել՝ 220 միլիարդ դոլարի ապրանք:
Չինաստանի և ԵՄ-ի միջև կապերը որպես ռազմավարական են բնութագրվել ԵՄ-ի կողմից դեռևս 1995թ.-ին ընդունված «Եվրոպա-չինական հարաբերությունների երկարաժամկետ քաղաքականություն» կոչվող փաստաթղթում, որտեղ նշվում էր Չինաստանի տնտեսական, սոցիալական բարեփոխումներին, աղքատության հաղթահարմանն աջակցելու ԵՄ-ի պատրաստակամության մասին: ԵՄ-Չինաստան բազմակողմ ֆորմատով առաջին գագաթաժողովները տեղի են ունեցել 1998-1999թթ.-ին: Հետագայում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ արտգործնախարարների և պետությունների ղեկավարների մակարդակով:
Բարձրագույն մակարդակով ԵՄ-Չինաստան վերջին գագաթաժողովը, թվով 16-րդը, տեղի է ունեցել 2013թ.-ի նոյեմբերին Պեկինում: Գագաթաժողովի ընթացքում քննարկվել են եվրոպա-չինական հարաբերությունները ներդրումային, միգրացիայի, առևտրա-տնտեսական և այլ ոլորտներում:
Արտյոմ Բալասանով
Շարքի այլ հրապարակումներ՝
Թայվանի խնդիր ունեցող Չինաստանը զգուշանում է Ղրիմի հանրաքվեից
Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ
Պաշտոնական Պեկինը իր վրդովմունքն է հայտնել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման կապակցությամբ
Պեկինը ամրապնդվում է նաև Հարավային Կովկասում
Իսլամական անջատողականությունը սպառնում է Չինաստանի միասնականությանը
ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան