Համաշխարհային կրքեր Ուկրաինայի շուրջ. Արևմուտքը սպառնում է, ՌԴ-ն ու Չինաստանը կոորդինացնում են մոտեցումները
Օբամա-Պուտին հեռախոսազրույց
ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև երկուշաբթի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բարք Օբաման հայտարարել է, որ Մոսկվային անխուսափելիորեն սպասվում են հավելյալ պատժամիջոցներ, եթե վերջինս չդադարեցնի Ուկրաինայում իր գործողությունները, հաղորդում է BBC գործակալության ռուսալեզու ծառայությունը:
«Նախագահն արտահայտել է իր խորը մտահոգությունը` ռուսական կառավարության կողմից ռուսամետ զինված անջատողականներին աջակցելու հետ կապված, որոնք խարխլում են Ուկրաինայի կառավարության դիրքերը և ապակայունացնում են իրավիճակը», - ասվում է հեռախոսազրույցից հետո հրապարակված Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ` Օբաման նաև անդրադարձել է Ժնևում նախատեսված բազմակողմ հանդիպմանը և ասել է, որ չնայած` դիվանագիտական կարգավորումները դեռևս հնարավոր են, սակայն դրան հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական ռազմական ստորաբաժանումները գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ ԱՄՆ-ի անհանգստությունը` կապված Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսական միջամտության հետ, «հիմնված է ոչ հավաստի տեղեկատվության վրա»:
Նրա խոսքերով`Ուկրաինայի արևելյան շրջաններում ծավալվող իրադարձությունները «հետևանք են այն բանի, որ Կիևի իշխանությունները չեն ցանկանում և անկարող են հաշվի նստել բնակչության ռուսալեզու հատվածի շահերի հետ»:
Նա նաև ավելացրել է, որ Ուկրաինային ամերիկայի կողմից զենքի և ռազմամթերքի մատակարարման հարցերը դեռևս չեն դիտարկվում և կոչ է արել Օբամային առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի հնարավորությունները` ուժի կիրառում և արյունահեղություն թույլ չտալու համար:
Արևմուտքը շարունակում է սպառնալ
Երեկ ուշ երեկոյան Բարաք Օբաման հեռախոսային զրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Deutsche Welle-ի փոխանցմամբ` նախագահները զրուցել են Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման շուրջ: Համաձայն տարածված հաղորդագրության` անջատողականները, որոնք գործում են այդ շրջաններում, «դատելով ամեն ինչից` Մոսկվայից աջակցության պայմաններում ակտիվացրել են իրենց նախաձեռնությունը` ուղղված ուկրաինական իշխանությունների ձախողմանը և անկայունացմանը»: Ինչպես հաստատել են երկու երկրների նախագահները` «Ռուսաստանը կբախվի այն բանին, որ ստիպված կլինի լուրջ գին վճարել, եթե շարունակի իր ներկայիս վարքագիծը»:
Ռուսաստանն ու Չինաստանը կոորդինացնում են իրենց մոտեցումները
Ռուսաստանն ու Չինաստանը կոորդինացնում են իրենց մոտեցումները համաշխարհային խնդիրների մեծ մասի շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Չինաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՉԺՀ-ին` ուկրաինական ճգնաժամում ցուցաբերած օբյեկտիվ դիրքորոշման համար:
«Անդրադարձել ենք նաև ուկրաինական թեմային: Մենք հաստատել ենք Չինաստանից մեր գոհունակությունը` օբյեկտիվ և կշռադատված դիրքորոշման համար», -ասել է Ս. Լավրովը:
Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Չինաստանը հետաքրքրված չէ Ուկրաինայում իրավիճակի հետագա անկայունացման մեջ:
«Մեզ համար ծայրահեղ կերպով անցանկալի է Ուկրաինայում իրավիճակի հետագա անկայունացումը: Մենք կարծում ենք, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ արտաքին պայմաններ: Այդ պատճառով հենց սկզբից մենք կոչ էինք անում բոլոր կողմերին երկխոսության, այլ ոչ թե առճակատման, որպեսզի խորհրդակցությունների միջոցով հնարավոր լիներ հասնել այդ խնդրի քաղաքական լուծմանը», - ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները