
ԱԻՆ ՕԵԿ-ական փոխնախարարը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը, ով այդ պաշտոնը կոալիցիոն կառավարության շրջանակներում ստանձնել էր «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով, հետևել է երեք նախարարներին ու կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հենց փոխնախարարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
«Ես կուսակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել, որովհետև գործադիրում փոխնախարար աշխատելը ու ընդդիմադիր դաշտում գործող կուսակցության անդամ լինելն անհամատեղելի է»,- հավելեց Դավիթ Կարապետյանը:
Մեր հարցին, թե կառավարությունը դեռևս ձևավորված չէ և ինքն ընդամենը փոխնախարարի պաշտոնակատար է, արդյոք նրան երաշխիքներ են տվել ձևավորվելիք կառավարությունում աշխատելու համար, Կարապետյանը սահմանափակվեց պատասխանելով. «Դա իմ անձնական որոշումն է եղել և կուսակցությունից դուրս եմ գալիս»:
Նշենք, որ կոալիցիոն կառավարության շրջանակներում ՕԵԿ քվոտայով երեք նախարարների պաշտոնակատարներ Արմեն Երիցյանը, Սամվել Թադևոսյանը և Սերգո Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու մասին դիմում էին ներկայացրել` պատճառաբանելով, թե «չեն կիսում ՕԵԿ-ի քաղաքական մտադրությունները և անելիք չունեն այդ կուսակցությունում»:
Նախորդող հրապարակումներ`
Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ-ի քաղաքական մտադրությունը և դուրս է եկել կուսակցությունից
Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար. Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ