Եվրամիությունը և Ուկրաինան՝ «ռուսական գազային թակարդում»
Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի հետագա մատակարարման խնդրի շուրջ: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում:
Նա կոչ է արել Ռուսաստանին չդադարեցնել դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարումը: Բարոզուն համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի մասնակցությամբ խնդրի քննարկումը բխում է ընդհանուր շահերից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակով դիմել է Եվրամիության երկրների ղեկավարներին և զգուշացրել, որ Ուկրաինայի կողմից ռուսական գազի համար վճարումները չկատարելը կարող է սպառնալ դեպի Եվրոպա գազի տարանցմանն ու մատակարարումներին: Պուտինը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերով միջոցներ ձեռնարկել ուկրաինական տնտեսության կայունացման և վերականգնման ուղղությամբ, այլապես երկրին սպառնում է դեֆոլտ:
2014թ.-ի հունվարից սկսած Ուկրաինան որևէ վճարում չի կատարել, ինչից հետո Ռուսաստանը չեղյալ է համարել Ուկրաինային գազի վաճառքի նախկին զեղչերը, որի արդյունքում էլ ռուսական գազի սակագինը 1000խմ դիմաց 268,5 ԱՄՆ դոլարից բարձրացել է 485 ԱՄՆ դոլար:
Ուկրաինան անընդունելի է համարել այդ սակագինը, որը բարձր է եվրոպական միջին գնից, և հրաժարվել վճարումներ կատարել, քանի դեռ ռուսական կողմը չի վերականգնել Ղրիմում ռուսական նավատորմի տեղակայման դիմաց 100 ԱՄՆ դոլար զեղչը: Թեև, ինչպես հայտնի է, Ղրիմը միացել է Ռուսաստանին, Ուկրաինան այն համարում է իր տարածքի մաս:
«Բարեկամությունը՝ բարեկամություն, բիզնեսը՝ բիզնես»
Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո և երկրի հարավ-արևելյան շրջաններում ռուսամետ բողոքի ցույցերի սկսվելուց հետո, որոնց մասնակիցները պահանջում են Ուկրաինայի դաշնայնացում կամ Ղրիմի օրինակով Ռուսաստանի կազմի մեջ մտնել, Եվրամիությունը թիրախային պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ մեղադրելով նրան Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ:
Սակայն Եվրամիությունում արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության քաղաքականությունը կարող է բացասական հետևանքների հանգեցնել հենց Եվրամիության համար: ԵՄ բյուջետային հարցերով հանձնակատար Յանուշ Լևանդովսկին հայտարարել է , որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները հետադարձ հարված կհասցնեն ԵՄ անդամ պետություններին:
«Կան երկրներ, որոնք 100%-ով կախված են ռուսական գազից. դրանք են երեք բալթյան պետությունները, Սլովակիան, Բուլղարիան: Լեհաստանը՝ ոչ, սակայն կան պետություններ, որոնց վրա պատժամիջոցները կազդեն բանկային ոլորտի միջոցով, կան պետություններ, որոնք ունեն ամուր առևտրային կապեր: Լավ կլինի պատժամիջոցներ չկիրառել: Որևէ մեկի տնտեսական շահերի դեմ հարվածը կհանգեցնի նրան, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալն ավելի դժվար կլինի: Դա արդեն եվրոպական աշխարհաքաղաքական արշավի գինն է»,- նշել է եվրահանձնակատարը:
Բացասական հետևանքների մասին նախազգուշացրել է նաև էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտինգերը; Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը կարող է ԵՄ-ում գազային ճգնաժամի պատճառ դառնալ:
«Եթե մենք ջանքեր չգործադրենք, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի վճարել գազի մատակարարումների համար ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքը, ապա ռուսական գազի մատակարարումների դադարեցման վտանգ կառաջանա: Ուկրաինան կարևոր տրանսպորտային երկիր է, իրավիճակի սրացումը կարող է հանգեցնել անվերահսկելի գործընթացիների, որոնք կհարվածեն նաև Գերմանիային»,- ընդգծել է եվրահանձնակատարը՝ կոչ անելով եվրոպական պետությունների առաջնորդներին մշակել երկարաժամկետ էներգետիկ ռազմավարություն:
Եվրամիությունը և Ուկրաինան՝ «ռուսական գազային թակարդում»
Ռուսական գազից մեծ կախվածությունը, որը Ռուսաստանի համար դարձել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ազդեցության հզոր լծակ, մշտապես ստիպել է նրանց փնտրել այլընտրանքներ: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, թե Ուկրաինան կդիմանա Ռուսաստանի հետ «գազային պատերազմում», եթե Եվրոպայից ապահովվի գազի ռեվերսային մատակարարումները:
Արդեն իսկ Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան և Գերմանիան պատրաստակամություն են հայտնել ապահովել գազի ռեվերսային մատակարարումները դեպի Ուկրաինա: Բայց փորձագետների խոսքով, եթե Ուկրաինան կարողանար փոխհատուցել ռուսական գազից կախվածությունը Եվրոպայից ներկրումներով, ապա դա վաղուց կաներ:
Խնդիրը նրանում է, որ Ուկրաինայից Եվրոպա ձգվող գազատարերը պատկանում են ռուսական «Գազպրոմին», և որպեսզի այդ խողովակներով գազը Եվրոպայից հասնի Ուկրաինա, անհրաժեշտ է «Գազպրոմի» համաձայնությունը: Իսկ «Գազպրոմը» չունի եվրոպական պետությունների և ընկերութունների հետ համապատասխան համաձայնագիր, ուստի ռեվերսային մատակարարումները Ուկրաինա «Գազպրոմը» կարող է համարել անօրինական:
Այս պարագայում անհրաժեշտ կլինի կառուցել նոր գազատար, սակայն դրա համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ և ժամանակ, իսկ նման օրակարգ ոչ Ուկրաինայում, ոչ էլ Եվրոպայում չկա: Բացի այդ խնդրահարույց է, թե որքա՞ն են կարող եվրոպական պետությունները մատակարարել գազը ռեվերսային ճանապարհով, որովհետև նրանք կարողանում են ապահովել իրենց պահանջարկը հենց ռուսական գազով: Տեսականորեն հնարավոր է միայն ժամանակավորապես Ուկրաինային «փրկել գազային սովից» և ոչ ամբողջ ծավալով, քանի որ եվրոպացիները չեն կարող իրենց ճոխություն թույլ տալ լիովին ապահովել ուկրաինական պահանջարկը:
Նշենք, որ Ռուսաստանից ներկրվող գազը ապահովում է Ուկրաինայի պահանջարկի մոտ կեսը և Եվրամիության պահանջարկի մեկ երրորդը, դեպի Եվրոպա մատակարարվող գազի մոտ 50%-ը ապահովվում է Ուկրաինայի տարածքով: Ընդ որում եվրոպական երկրներում գործում են տարբեր սակագներ: Նախկինում ևս Ուկրաինան փորձել է Եվրոպայից ստանալ ռեվերսային մատակարարումներ, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրել ներկրումը բարձր սակագնի պատճառով:
Այսպիսով էներգետիկ գործոնը ներկա ուկրաինական ճգնաժամում իրեն զգացնել է տալիս ճիշտ այնպես, ինչպես նախկինում: Այն ստիպում է Եվրամիությանը և Ուկրաինային դեռևս համակերպվել իրերի դրությանը և կամա թե ակամա փորձել Ռուսաստանի հետ գալ ընդհանուր հայտարարի՝ խուսափելու համար հերթական «գազային պատերազմից»:
Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ