Հովիկ Աբրահամյանն արձագանքում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին. News.am
Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
Նա, մասնավորապես, ասել է. «Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների և իմ նախկին աշխատանքը դրական գնահատելու համար: Ինձ միայն զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները: Ակնհայտ է, որ դրանց անհրաժեշտության մասին Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են արդեն տարիներ շարունակ, իսկ մեր երկրի առջև ծառացած մի շարք կարեւորագույն խնդիրների արդյունավետ լուծումները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը բաց, ի լուր աշխարհի հայտարարեց իր ծրագրերի մասին՝ զերծ պահելով սահմանադրական բարեփոխումները անձնավորումից: Սա արդար է, ազնիվ ու ճիշտ: Վստահ եմ, որ եթե մեր քաղաքական ուժերն ու գործիչները հետևեն Սերժ Սարգսյանի օրինակին, հստակ, առանց տողատակերի բացեն իրենց ապագա ծրագրերը, ապա մենք, որպես երկիր, իսկապես կկարողանանք կարճ ժամանակահատվածում նաեւ սահմանադրական բարեփոխումների միջոցով լուրջ դրական տեղաշարժ արձանագրել հետագա զարգացման ճանապարհին:
Ինչ վերաբերում է իշխանությունների գործունեության արդյունքների գնահատականին, ապա այն տալու է ժամանակը, որն օբյեկտիվ է, լայն տեսնել գիտի ու զերծ է չարախնդությունից»:
Նախորդող հրապարակում`
Ռոբերտ Քոչարյանը` նոր վարչապետի և սահմանադրական բարեփոխումների մասին