Մենք քննարկելու բան չունենք. ՀԱԿ-ը չի մասնակցում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը
Այս պահին կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների հանդիպմանը Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը չի մասնակցում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մենք մեր բոլոր առաջարկները ներկայացրել ենք և բացի այդ, ստորագրել ենք այն դիմումի տակ, որը ուղարկել ենք Սահմանադրական դատարան: Այսինքն, Սահմանադրական դատարան ուղարկված մեր դիմումի բովանդակության մեջ որևէ փոփոխություն չկա: Հիմա թե կառավարությունը ինչ կորոշի, ինչ առաջարկով կմտնի խորհրդարան, դա իրենց գործն է: Մենք քննարկելու բան չունենք, իրենք պետք է ներկայացնեն առաջարկ», -հանդիպմանը չմասնակցելու պատճառը ներկայացրեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ հայտնած դիրքորոշումը, որով իրենք մերժում են պարտադիր կուտակային բաղադրիչի սկզբունքը, որևէ փոփոխության չի ենթարկվել: Հետևաբար, այդ առումով, ըստ Մանուկյանի, իրենք չեն ցանկացել գնալ կառավարություն, հանդիպել Աբրահամյանի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ այսօր, ապրիլի 22-ին քննարկում է հրավիրել կառավարությունում, որին մասնակցում են խորհրդարանական հինգ ուժերի՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցության, «Ժառանգության» և «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցելու էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասել էր, որ իրենք մասնակցելու են կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան