Օբաման կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրը կիրառելուց
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որտեղ կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրից: Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տարբերակը՝ վերցված Armweekly-ից: Նշենք, որ Սպիտակ տան կայքում այս պահին ուղերձը զետեղված չէ:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգում նրանց հիշատակը, ովքեր նահատակվել են 20-րդ դարի վատթարագույն կոտորածներից մեկի ժամանակ: Մենք հիշում են սարսափը, որը տեղի ունեցավ 99 տարի առաջ, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք սգում ենք կորսված կյանքերի և կրած տառապանքների համար, որ ապրել են այդ տղամարդիկ, կանայք և երեխաները:
Մենք միացել ենք ԱՄՆ-ում և աշխարհում միլիոնավոր մարդկանց կողմից հանդիսավոր հիշատակմանը: Նման կերպ մենք հիշեցնում ենք ընդհանուր պարտավորությունը, որ մարդկության պատմության մեջ այդպիսի մութ գլուխներն այլևս չկրկնվեն:
Ես մշտապես հայտարարել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ տեսակետը, և այն չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի գիտակցումը բխում է բոլորիս շահերից: Ժողովուրդները և ազգերը ավելի ուժեղ են դառնում, և ավելի արդար ու հանդուրժող ապագայի հիմք կառուցում են`գիտակցելով և հաշվի առնելով անցյալի ցավալի փաստերը: Մենք շարունակում ենք դասեր քաղել, քանի որ մենք ձգտում ենք հաշտվել մեր սեփական պատմության մութ պահերի հետ: Մենք ճանաչում և քաջալերում ենք խիզախ հայերի և թուրքերի աճող թիվը, ովքեր անցել են այս ուղով, և խրախուսում ենք ավելին անել` իրենց կառավարությունների և իմ աջակցությամբ:
Եվ մենք հպարտությամբ հիշում ենք մարդասիրական ջանքերը, որոնք ձեռնարկվել էին հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի կողմից, որը հիմնադրվել էր ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ, և որը փրկել է անթիվ հայերի ու 1915 թվականին տեղահանված այլ խոցելի համայնքների ներկայացուցիչների կյանքը:
Մենք հարգում ենք այն հայերի կյանքի հիշատակը, որը անարդարացիորեն խլվել էր 1915 թվականին, մենք ոգեշնչված ենք հայ ժողովրդի արտակարգ քաջությամբ և տոկոնությամբ, ով դեմ դիմաց էր կանգնել նման հսկայական ձախորդության և տառապանքի առջև: Ես ողջոնում եմ հայ-ամերիկյան բազմաթիվ նվիրատվությունները, որոնք ստեղծեցին ամերիկյան հասարակությունը, մշակույթը և համայքները: Մենք կիսում ենք հայ ժողովրդին աջակցելու մեկ ընդհանուր հավատարմությունը, քանի որ նրանք կառուցում են ժողովրդավար, խաղաղ և բարգավաճ ազգ:
Այսօր, ամենուր մեր մտքերը և աղոթքները հայերի հետ են, մենք հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափը, հիշատակում ենք զոհերի հիշատակը և վերահաստատում ենք մեր ամուր պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ ու այն սկզբունքին, որ նման վայրագությունները պետք է միշտ հիշել, եթե մենք ուզում ենք կանխել դրանց երբևէ տեղի ունենալը»:
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Նախագահ Օբամայի հայտարարությունը կլինի ուժեղ: