Չին-ճապոնական պատերազմի դեպքում ԱՄՆ-ն կպաշտպանի Տոկիոյին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Տոկիոյում հայտարարել է, որ Ճապոնիային պաշտպանելու ամերիկյան պարտավորությունները տարածվում են նաև Չինաստանի հետ վիճելի համարվող Սենկակու կղզիների վրա:
Օբաման կոչ է արել Չինաստանին և Ճապոնիային երկկողմ վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով և երկկողմ վստահության մթնոլորտում:
Իր հերթին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Օբամայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև 1960թ.-ին կնքված համատեղ անվտանգության մասին պայմանագիրը տարածվում է նաև վիճելի Սենկակու կղզիների վրա:
1960թ.-ի պայմանագրով ԱՄՆ-ին թույլատրվում է զորքեր տեղակայել Ճապոնիայի տարածքում, իսկ Ճապոնիայի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում ԱՄՆ-ի վրա՝դրանից բխող համատեղ պաշտպանության պայմանավորվածություններով հանդերձ:
Պայմանագրի 5-րդ կետով հստակ ֆիքսված է, որ դաշնակիցներից մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան դիտվում է որպես մյուս դաշնակցի ազգային անվտանգությանը ուղղված սպառնալիք և կողմերը պարտավորվում են օգնել միմյանց:
Սենկակու կղզիների պատկանելիության շուրջ հակամարտությունը Չինաստանի և Ճապոնիայի միջև սկիզբ է առնում դեռևս 1970-ական թթ.-ից:
Ճապոնական կողմը պնդում է, որ վերահսկում է կղզիները 1895թ.-ից, իսկ մինչ այդ կղզիները ոչ ոքի չեն պատկանել:Չինաստանը հայտարարում է, որ կղզիները մտել են չինական կայսրության կազմի մեջ 600 տարի առաջ:
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ և դրանք վերադարձվել են Ճապոնիային 1972թ.-ին: Տարածքային վեճը հատկապես սրվեց 2012թ.-ի կեսերին, երբ Ճապոնիան հայտարարեց կղզիների ազգայնացման մասին:
Ճապոնիայի կառավարությունը այդ ժամանակ հայտարարել էր, որ 26 մլրդ իենով(26 միլիոն դոլար) կգնի կղզիները դրանց մասնավոր սեփականատերերից՝ Կուրիհարա ընտանիքից:
Հատկանշական է, որ կղզիները շատ փոքր են և տնտեսական շահագործման համար ոչ պիտանի, սակայն դրանք հնարավորություն են տալիս մեծացնել տարածքային ջրերի և բացառիկ տնտեսական գոտու տարածքը:
Մինչ այդ, Սենկակու վիճելի կղզիների վերաբերյալ ճապոնամետ դիրքորոշմամբ էր հանդես եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Իր հերթին, Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանը Հեյգելի հետ հանդիպման ընթացքում հստակ հայտարարել էր, որ Պեկինը ոչ մի զիջումների չի գնա Չինաստանի տարածքային ամբողջականության հարցում և չինական կողմը ինքնիշխանություն ունի Դյաոյուդաո (Սենկակու) կղզիների նկատմամբ:
Անդրադառնալով Սենկակու կղզիների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտնած ճապոնամետ հայտարարություններին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը կրկին անգամ հստակեցրեց Պեկինի պաշտոնական դիրքորոշումը կապված Սենկակու կղզիների պատկանելիության հետ:
Խուն Լեյը հայտարարել էր, որ հենց Ճապոնիան է միակողմանի սադրանքերի դիմում և ցանկանում փոփոխել Դյաոյուդաո(Սենկակու) կղզիների շուրջ ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքերով, այդ կղզիները պատկանում են Չինաստանին և Պեկինը ունի անկոտրուն կամք իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Չինական կողմը արձագանքելով Բարաք Օբամայի՝ Տոկիոյում արված հայտարարությանը դեմ է արտահայտվել Սենկակու կղզիները՝ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև գործող համատեղ համագործակցության և անվտանգության պայմանագրի մեջ ներառելուն:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը նշել է, որ ամերիկյան կողմը պետք է հավատարիմ մնա փաստերին և կոչ է արել ԱՄՆ-ին կառուցողական դիրքորոշում որդեգրել տարածաշրջանային կայունության և խաղաղության պահպանման գործում:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Ճապոնա-չինական հարաբերությունները կրկին սրվել են Յասուկունի տաճարի պատճառով
Պեկինը վրդովված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ճապոնամետ դիրքորոշումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան