Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք՝ Փարիզի Երևանյան պուրակում
Փարիզի Երևանյան պուրակում ապրիլի 24-ին կայացել է Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների և Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին և այնուհետև հանդես եկավ ելույթով։
Նախագահ Օլանդը հայտնել է, որ հաջորդ տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին: Բացի այդ, պետության ղեկավարը հայտնել է, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Վերջինս ընդգծել է նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը:
Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ են անցկացրել Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:
Հավաքին ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: