Լ.Զուրաբյանի մտավախությունը. Կընդունվի ինչ-որ օրենք, որը հետին թվով այդ փողերի բռնագանձումը կօրինականացնի
Ինչու այդ գումարները հենց հիմա չեն վերադարձվում իրենց օրինական տերերին և ինչ կապ ունի նոր օրենքի ընդունումը այդ գործընթացի հետ, եթե Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ գումարները բռնագանձված են: Այս հարցը ԱԺ-ում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով երկրորդ օրն է ներկայացնում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախարարն արձագանքեց. «Մինչև սեպտեմբերի 30-ը այդ բոլոր դրույթները պետք է վերանայվեն, պիտի իրականացնենք ամբողջական լուծումներ: Իսկ ինչու հիմա չէ, որովհետև հարցադրումները, որոնք կան, պետք է կարողանանք ամբողջական քննարկել ու գտնել լուծումներ: Եվ այսօր անել որևէ քայլ, որը հետագայում կարող է որոշ խոչընդոտներ առաջացնել ոչ մի կողմի համար օգտակար լինել չի կարող»:
Լ.Զուրաբյանին այս պատասխանը, բնական է, չբավարարեց, նա այդ մասին հայտարարեց` ասելով, որ ինչպես և ակնկալում էր իր հարցին պատասխան այդպես էլ չստացավ:
Արտահայտեց նաև իր մտավախությունը, որ չի զարմանա, եթե կառավարությունը հետագայում ինչ-որ օրենք ընդունի, որ հետին թվով այդ փողերի բռնագանձումը օրինականացնի. «Գիտեմ, ձեզ դուր չի գալիս բռնագանձում բառը, բայց դա այդպես է»:
Նախարար Ասատրյանն էլ հայտարարեց, որ կուտակային վճարումների եկամտաբերությունն ապահովում է քաղաքացիների համար հետագայում լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություն:
Իսկ ինչ վերաբերում է մտավախությանը. «Ես նշեցի, որ ՍԴ որոշումը դուք մի կերպ եք մեկնաբանում, ես մեկ այլ, երրորդ անձը բոլորվին այլ կերպ: Ինչ վերաբերում է հետին թվով ինչ-որ որոշումներ կայացնելուն, ապա այդ առումով շատ հստակ պատկերացումներ ունենք բոլորս: Վճարումները իրականացվել են գործող օրենքի հիման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները