ՀՀ պատվիրակության այցն Իրան. Խոսում են իրանագետները
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցը Իրանի Իսլամական հանրապետություն` panorama.am-ի զրույցի թեման է իրանագետներ Արմեն Իսրայելյանի և Ռուդիկ Յարալյանի հետ:
«Այցի հիմնական նպատակը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը նախապատրաստելն ու նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը Հասան Ռոհանիին փոխանցելն էր: Միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն Հայաստանի կառավարության հրաժարականի պատճառով այն հետաձգվեց մինչև սեպտեմբեր: Ներկայումս, երբ արդեն ձևավորվել է նոր կառավարություն, Իրանի և Հայաստանի իշխանությունները կարող են ավելի առարկայական թեմաների շուրջ զրուցել:
Նալբանդյանի այցն Իրան Հայաստանի համար կարևոր էր և՛ քաղաքական և՛ տնտեսական տեսանկյունից: 2013թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 293 միլիոն ԱՄՆ դոլար, որը` 2012թ. համեմատ, շուրջ 34 միլիոն դոլարով պակասել է: Թե՛ Հայաստանի, և թե՛ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գոհ չեն տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակից:
Նախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին և փոխադարձաբար իրանցի ներդրողներին էլ խրախուսել, որպեսզի նրանք Հայաստանում ներդումներ կատարեն: Իսկ արդեն այսօր Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց Այսօր Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի, այնուհետև Վրաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա: Եթե սրան գումարենք արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրիի` օրերս հնչած հայտարարություն առ այն, որ Իրան-Հայաստան երկաթգիծը Հյուսիս-հարավ միջանցքի համար կարևոր ուղղություն կլինի, ապա պատկերը ամբողջական կդառնա»,- նշեց Արմեն Իսրայելյանը:
«Ժնևյան հայտնի գործընթացներից հետո ակնհայտ է, որ Իրանը փորձում է իր տնտեսական հարաբերությունները խորացնել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչը դրական ազդեցություն կունենա նաև հայ-իրանական հարաբերությունների վրա:
Այդ պարագայում Հայաստան-Իրան երկաթգծի, Իրան-Հայաստան նավթատարի, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման գործում կարող է դրական տեղաշարժ արձանագրվել. արդեն իսկ սկսվել է Հայաստանի տարածքում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որը լրացուցիչ դրական ազդակ կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա Նալբանդյանի այցի ընթացքում Իրանի իշխանությունները ևս մեկ անգամ շեշտեցին, որ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանային և միջազգային հարթակներում ունեն մոտ դիրքորոշում, և որ Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար»,-հավելեց բանախոսը:
Ա. Իսրայելյանը, նշեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Թեհրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ամենայն հավանականությամբ տեղի կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան:
«Մինչ այդ հստակ կլինի նաև Հայաստանի՝ Մաքսային Միությանը միանալու հարցը: Կարծում եմ հենց այդ ժամանակ ավելի հստակ կլինի, թե էներգետիկ ո՞ր նախագծերի իրականացմանը առաջնահերթություն կտրվի»,- ասաց Ա. Իսրայելյանը:
Իրանագետ Ռուդիկ Յարալյանի կարծիքով այցը հարկավոր է արժևորել ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմ քաղաքական-տնտեսական հարաբերությունների ամրապնդման, այլև տարածաշրջանային մի շարք երկրների միջև հաստատուն տնտեսական կապեր ստեղծելու հեռանկարների տեսանկյունից, որտեղ Հայաստանը կարող է Իրանի համար «կապող օղակի» կամ այլ կերպ ասած՝ տարանցիկ երկրի կարգավիճակ ստանձնել:
«Հայկական պատվիրակության այցը հստակորեն ցույց է տվել իրանական կողմի պատրաստակամությունը Հայաստանի հետ մտնելու լայնամասշտաբ գործարքների մեջ, որոնց էլ կոչված են ծառայելու ինչպես Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, այնպես էլ Հայաստանն Իրանի հետ կապող երկաթգծի շինարարության նախագծերը: Հասկանալի է, որ հիշյալ նախագծերը պահպանում են իրենց ընդարձակվելու հնարավորությունները, և հետագայում Իրանը կարող է դրանց միջոցով իր համար ելք ապահովել դեպի Սև ծով, որով էլ դուրս գալ ԵՄ երկրների շուկա՝ զուգահեռաբար մեծացնելով իր ապրանքաշրջանառության ծավալները նաև ՌԴ հետ:
Կարծում եմ՝ Իրանն իր արտաքին քաղաքական հստակ կողմնորոշմամբ «հասկացրել է» առաջադիմական երկրներին, որ հնարավոր չէ այդ երկիրը կանգնեցնել երկընտրանքի առջև: Խոսքը վերաբերում է ձևավորված կամ ձևավորվող միություններին, մասնավորապես՝ Թեհրանի՝ ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ընտրություն կատարելուն: Չմոռանանք, որ բազմաթիվ հայտարարություններով Իրանը հաստատել է իր պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական հարաբերություններն ինչպես ԵՄ, այնպես էլ ՄՄ անդամ երկրների հետ: Հավանաբար տարածաշրջանային հեռանկարային նախագծերի հարցում Իրանի, Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև կա որոշակի «լուռ» փոխհամաձայնություն, հակառակ դեպքում հազիվ թե Թեհրանը Երևանի հետ փոխհարաբերությունների խորացման հարցում ցուցաբերեր նմանօրինակ վճռականություն»,- ասաց Ռ. Յարալյանը:
Նախորդիվ`
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար
Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում