Վերադարձ նախկին սահմաններին չի լինի. ԼՂՀ-ից արձագանքել են Ուորլիքին. Արմենպրես
Անկախ հայտարարություններից և խաղաղության համաձայնագրի առնչությամբ ներկայացված տեսակետերից կամ կետերից Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ չի կարող փոփոխության ենթարկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նաև ասել է, որ Ստեփանակերտում գոյություն ունի ընդամենը մեկ տեսակետ` վերադարձ նախկին սահմաններին չի լինի:
«Մենք առաջնորդվում ենք ԼՂՀ Սահմանադրությամբ, որը շեշտում է, որ ազատագրված կամ որևէ այլ տեսակի տարածքներ գոյություն չունեն: Գոյություն ունի մեկ տարածք` Արցախի Հանրապետություն»,- ասել է Դավիթ Բաբայանը` հավելելով, որ այսօր հաղորդագրություն կտարածի ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն ու համապարփակ գնահատական կտա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած Խաղաղության համաձայնագրի 6 կետերին:
Նշենք, որ մայիսի 7-ին Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:
Ամերիկացի համանախագահն իր ելույթում թվարկել էր վեց տարր` «տևական խաղաղություն» ապահովելու համար: Մասնավորապես այդ տարրերից երրորդը վերաբերում էր ազատագրված տարածքներին, ինչի վերաբերյալ նա ասել էր. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:
Հարակից հրապարակում`
Ջ. Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին