ԼՂՀ ԱԳՆ-ն` Ուորլիքի հայտարարության մասին. ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, ենթակա չեն որևէ սակարկության
ԼՂՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը:
«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:
Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»: