Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է. հատուկ արարողակարգով դիմավորում (Տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում րոպեներ առաջ վայրէջք կատարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռը: Ֆրանսիայի նախագահին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձիք:
Դիմավորումը կատարվեց պետական այցին հատուկ արարողակարգով. նախագահին դիմավորեց պատվո պահակախումբը, իսկ պաշտպանության նախարարության նվագախումբը հնչեցրեց Ֆրանսիայի և Հայաստանի պետական օրհներգները:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Նշենք, որ Ֆ. Օլանդը երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի հրավերով:
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:
Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: