ՀՅԴ-ն գոհ է նոր կառավարությունից. Ա.Ռուստամյան
«Դաշնակցությունը ոչ թե կողմ էր «կուտակային» օրինագծին, այլ դեմ չէր, ինչը չի նշանակում, որ պարտադիր կողմ պետք է լինենք»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչ եղավ, որ ՀՅԴ-ն փոխեց դիրքորոշումը և ձեռնպահ քվեարկեց:
Հիշեցնենք, ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որին բացի ՀՅԴ-ից ձեռնպահ քվեարկեցին նաև ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
Ա.Ռուստամյանը պարզաբանեց, որ Դաշնակցության ձեռնպահ քվեարկելը հնարավորություն է ընձեռում կառավարությանը ռեաբիլիտացնել իրեն, ինչպես նաև կարևոր հարց է լուծում. «Այս փոփոխությունը նշանակում է, որ կամավորության սկզբունք է մտնում, ինչն էլ մեր պայքարի հիմնական նպատակն էր: Ի վերջո, ամեն մի քաղաքացի ինքն է որոշում` եթե ուզում է հրաժարվել, ապա կարող է ակտիվորեն իր այդ դիրքորոշումը հայտնել, այս օրենքը դա թույլ է տալիս»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև ավելացրեց, որ սա իսկապես լուրջ քայլ էր կամավորության սկզբունքն ամրագրելու ճանապարհին և հասկանալի է, որ սրան դեմ լինել չէին կարող:
Միևնույն ժամանակ Ա.Ռուստամյանը չշտապեց կատարվածը որակել իբրև հաղթանակ, քանի որ ի վերջո պետք է համակարգն ամբողջական համապատասխանեցվի պարտադիրը վերանալու տրամաբանությանը, այնպես որ, նրա խոսքով, սա հաջողություն է. «Կարծում եմ, մեր մոտեցումն ավելի ճիշտ էր` պասիվ հրաժարման մոդելը պետք է գործեր, ոչ թե ակտիվ, ինչը բխում է նաև Սահմանադրության պահանջից: Այս իմաստով մենք շատ լուրջ հաջողություն ունեցանք»:
Ինչ վերաբերում է հարցի այն կողմին, որ սա ներկայացվում է իբրև բարի կամքի դրսևորում, Ա.Ռուստամյանն ասաց, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ կա Սահմանադրական դատարանի որոշումը և որքան էլ փորձեն տարբեր կերպ մեկնաբանել դա այդպես չի:
«Եթե ինչ-որ մի բան անվավեր է ճանաչում ՍԴ-ն, ապա նշանակում է, որ դա գոյություն չունի: Բայց իհարկե գոհ ենք, որ նոր կառավարությունը չի ուզում հանդիսանալ սխալներ կատարած նախորդ կառավարության ժառանգորդը, ինչը դրական է: Ի վերջո մեր գլխավոր հարցերից մեկն էր, ինչու փոխվեց կառավարությունը. Եթե նորից փորձելու են շրջանցել այդ խնդիրը, սխալ տեղ դա կտանի, պետք է հստակ քաղաքական ախտորոշում տրվի այս ամեն ինչի հետ կապված և ասվի, որ չեն շարունակի նույն սխալներով գործել: Ու նաև պետք է ընդունեն սխալները, իսկ դրանցից մեկը հենց այս կուտակային ներդրումն էր»:
Նախորդող հրապարակում`
«Կուտակայինն» ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան