«Քաղաքացիական պայմանագիր». Ծայրահեղ քայլերն այս պահին օրակարգային չեն
«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը թևակոխում է իր գործունեության նոր փուլ, իսկ արդյունքը լինելու է ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ում նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիրը»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրային-քաղաքական միավորում է, որի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ: Պայմանագրին որևէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը: «Քաղաքացիական պայմանագրի» Խորհրդի յոթ անդամներն են Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:
«Մենք մեր գործունեության ընթացքում այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, ծրագրեր առաջ չենք քաշելու, որոնց լուծումը կարճաժամկետ կտրվածքով չենք տեսնում: Մենք այն ժամանակ հանրահավաքներ կհրավիրենք, մարդկանց կհանենք փողոց, երբ ունենանք կոնկրետ խնդիրներ ու դրանց լուծման կոնկրետ ճանապարհային քարտեզներ: Մենք չենք պատրաստվում հիասթափեցնել ժողովորդին և այս պահին իշխանափոխության կոչեր անենք: «Քաղաքացիական պայմանագիրը» նման կոչեր կանի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ ի զորու է դա կատարել»,- ասաց պայմանագրի խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ծայրահեղ քայլերն այս պահին օրակարգային չեն, իսկ իշխանափոխություն կարող է լինել նաև ընտրությունների միջոցով:
Ն. Փաշինյանն ասաց, որ ունեն իշխանափոխության իրենց ծրագիրը, որը ենթադրում է ինստիտուցիոնալ ընդդիմության, ստվերային կառավարության ձևավորում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիրը» վերածվի կուսակցության, Ն. Փաշինյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկվի «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համագումարի ընթացքում, որը կայանալու է այս տարվա ընթացքում կամ հաջորդ տարվա առաջին կեսին: